Բաժիններ՝

Աստվածաշնչի Իմաստություն Սողմոնի գիրքը բաժանված է 3 հիմնական մասերի

Աստվածաշնչի Իմաստություն Սողմոնի գրքի ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ենթադրաբար այն գրվել է մ.թ.ա. 50-30 թվականներին և, ամենայն հավանականությամբ, լույս ընծայվել Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում բնակվող հրեական համայնքի ջանքերով:

Գրքի՝ իսրայելական իմաստությանը հավատարիմ և քաջատեղյակ հեղինակը մեծագույն վարպետությամբ է քաղել զանազան աղբյուրներից իրեն անհրաժեշտ գիտելիքները և իր միտքն արտահայտել բարձրաոճ հունարենով:

Գիրքը բաժանված է 3 հիմնական մասերի:

Առաջին մասը նվիրված է առաքինի և չար մարդկանց վարվելակերպի տարբերությանը և ճակատագրերի համեմատությանը: Այստեղ նաև հանդիպում է կարևոր մի շարադրանք «արդար մարդու» հալածանքի մասին:

Գրքի երկրորդ մասում բացատրվում է իմաստության և գիտելիքի կարևորությունը յուրաքանչյուր անհատի կյանքում, մասնավորապես նրանց, ովքեր իրենց վրա են վերցնում ազգերին առաջնորդելու ծանրագույն բեռն ու պատասխանատվությունը: Այդ ամենը առավել ընկալելի դարձնելու համար հեղինակն իրեն համեմատում է Սողոմոն թագավորի հետ, որին հրեական ավանդությունը համարում է գերագույն իմաստուն:

Իսկ երրորդ հատվածը կարող է վերնագրվել «Իմաստությունը սրբազան պատմության մեջ»: Այստեղ աղոթքի կերպով հաջորդաբար քննության են առնվում Ծննդոց և Ելից գրքերի պատմությունները, ինչպես նաև կռապաշտության հարցը:

Սակայն ինչպես վերնագիրն է ցույց տալիս, գիրքը պատկանում է «իմաստալից գրվածքների» շարքին, ինչպիսիք են օրինակ`Առակների, Հոբի, Ժողովողի եբրայական գրքերը և որոշ սաղմոսներ: Հեղինակը նաև քաջատեղյակ էր Ծննդոց, Ելից գրքերի բովանդակությանը, ինչպես նաև Եսայու մարգարեությանը, Առակներին, հունական գրականությանը և այլն:

Այսպիսով՝ հեղինակն այս գրքի միջոցով առաջարկում է վերաիմաստավորել և մեկնաբանել աստվածաշնչական պատումները հունական մտածողության տեսանկյունից: Այդ պատճառով զարմանալի չէ այստեղ հանդիպել եբրայական Հին Կտակարանին անծանոթ մտքերի, որոնք վերաբերում են հոգու և մարմնի բաժանությանը, ինչպես նաև հոգու անմահությանն ու հաղթական զորությանը:

Արմեն Չաքմիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս