Աշխարհում ինտերնետն օգտագործողների թիվն աճել է մինչև 4,1 միլիարդ
Աշխարհի բնակչության ավելի քան 53 տոկոսը կամ 4,1 միլիարդ մարդ մուտք ունի Համացանց, եւ այդ թիվը շարունակում է աճել: Այդ մասին ասված է էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ)՝ նոյեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված «Թվային զարգացման չափումը. 2019 թվականի փաստեր ու թվեր» զեկույցում:
«ԷՄՄ-ի տվյալները հաստատում են, որ ինտերնետը շարունակում է աճել գլոբալ մասշտաբով: Այժմ 4,1 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 53,6 տոկոսն օգտվում է Համացանցից»,-նշվում է զեկույցում: Ընդ որում՝ 2018-ից 2019 թվականն աճը կազմել է 5,3 տոկոսային կետ:
Դրա հետ մեկտեղ Համաշխարհային սարդոստայն մտնելու հնարավորություն չունի մոլորակի 3,6 մլրդ բնակիչ: Նրանց մեծամասնությունը առավել քիչ զարգացած երկրների քաղաքացիներն են, որտեղ միջին հաշվով տասից միայն երկու բնակիչ մուտք ունի ինտերնետ: Եվրոպայում այդ ցուցանիշն ամենաբարձրն է (82,5 տոկոս), իսկ Աֆրիկայում ամենացածրը (28,2 տոկոս):
ԷՄՄ-ի գնահատումների համաձայն, որը ՄԱԿ-ի մասնագիտացած հիմնարկություն է, 2019 թվականի վերջին աշխարհում ընտանիքների 57 տոկոսը Համաշխարհային սարդոստայն մուտք կունենա տանը: Գործերն ավելի վատ են անհատական համակարգիչների հարցում: Սպասվում է, որ այս տարվա ընթացքում դրանց թիվն ընտանիքներում կավելանա մոտավորապես 1 տոկոսով, այդ այդ ցուցանիշը կկազմի 49,7 տոկոս:
Զեկույցի համաձայն, այժմ Երկրագնդի բնակչության 96 տոկոսը գտնվում է շարժական թվային ազդանշանի հասանելիության գոտում: 93 տոկոսի համար դա 3G կամ ավելի առաջավոր ցանցն է: Եվրոպայում, Արեւմտյան կիսագնդում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծածկույթը կազմում է 95 տոկոս, արաբական երկրներում՝ 91 տոկոս, ԱՊՀ-ի տարածքում 88 տոկոս, Աֆրիկայում՝ 79 տոկոս:
«Աշխարհում Համացանցից օգտվողների բաժինը կանանց շրջանում կազմում է 48 տոկոս, տղամարդկանց շրջանում՝ 58 տոկոս: Ինտերնետն ավելի շատ տղամարդիկ, քան կանայք են օգտագործում աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, որտեղ այդ առումով գործնականում հավասարություն է ձեռք բերվել»,-նշում է ԷՄՄ-ն: Զեկույցում ընդգծվում է, որ «թվային գենդերային խզումը կրճատվել է ԱՊՀ-ի եւ Եվրոպայի տարածքում, սակայն միաժամանակ աճում է Աֆրիկայում, արաբական պետություններում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Այդ խզումն առավել մեծ է զարգացող երկրներում, հատկապես առավել քիչ զարգացած պետությունների խմբում»,-արձանագրում են զեկույցի հեղինակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: