Քաղաքական գրոհ Արթուր Վանեցյանի վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ գրեթե ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ։ Պատճառը վերջինիս կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելն էր։
Դրանից հետո իշխանական տարբեր գործիչներ, որոնք ընդամենը ամիսներ առաջ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին Վանեցյանի հետ, գովաբանում էին նրա աշխատանքը, անգամ աստվածացնում նրան, երեկ կարծես մի հրահանգով հարձակվել էին նրա վրա ՝ փորձելով նրան սխալ հանել։
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը երեկ գիշեր մի երկար տեքստով բացահայտել էր, թե ինչ խախտումներ է թույլ տվել Վանեցյանը՝ գլխավոր մարզիչ նշանակելով: Նրա գրությունը սկսեցին տարածել ՀՖՖ գործկոմի անդամներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը… Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընդամենը փոթորիկ էր մի բաժակ ջրում:
Բանն այն է, որ, ըստ այժմ գործող ՀՖՖ կանոնակարգի, հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ՀՖՖ գործկոմը, իսկ, ահա, հունիսին ընդունված կանոնադրության համաձայն` մարզիչներին նշանակում է ՀՖՖ նախագահը։ Սակայն զուտ տեխնիկական խնդիրների պատճառով կանոնադրությունը դեռ իրավական ուժ չէր ստացել։
Այսինքն, աղմուկ էր ոչնչից, միայն տեխնիկական սխալի պատճառով քաղաքական գրոհ իրականացվեց Արթուր Վանեցյանի վրա։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ աղմուկից ժամեր անց ՀՖՖ գործկոմը նիստ է արել ու արդեն միաձայն քվեարկությամբ Խաշմանյանին նշանակել գլխավոր մարզիչ։ Նոր կանոնադրության ընդունումից հետո այն պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Այն մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի գրանցվի։
Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց երբ ինձ բերել եւ ներկայացրել են Խաշմանյանի նշանակման հարցը, իմ աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ գրանցումը դեռեւս չի եղել», – նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Վանեցյանը։ Եվ այս պարզաբանումից եւս պարզ է դառնում, որ խնդիրը զուտ տեխնիկական է, եւ գրոհն անիմաստ էր։
Իսկ, ահա, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը նիստից հետո ասել է, որ իրենք բոլորը նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, իսկ վերջինիս հրաժարականի հետ կապված գործկողմը որեւէ լիազորություն չունի, եւ ընդհանուր ժողովը պետք է նման որոշում կայացնի։ «Աշխատանքային հարաբերություններ են բացառապես: Մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից», – նշել էր Մկրտչյանը։
Իհարկե, թեեւ վերջինս նշում է, թե նման արձագանքի պատճառն անակնկալի գալն է եղել, այնուամեայնիվ, լինելով նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ Վանեցյանի հետ` կարող էին անձամբ նրա հետ զրուցել, կարգավորել հարցը եւ ոչ թե այսպես աղմուկ բարձրացնել եւ բացահայտ ցույց տալ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել, առավել եւս որ երեկ հենց Վանեցյանի նշանակած կադրը միաձայն ընդունվեց հենց աղմկարարների կողմից:
Հավելենք, որ ՀՖՖ գործկոմի ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին. բացակայել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Վանեցյանին քննադատող առաջամարտիկներից էր»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: