«Ինչի՞, դուք չե՞ք զգում, Հայաստանի բոլոր քաղաքացիները զգացել են, արդեն հարյուր-հազարավոր քաղաքացիների եկամուտներ են ավելացել, կյանք է բարելավվել…». Տիգրան Ուլիխանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրա աշխատանքը գնահատում է դրական։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Ուլիխանյանը՝ «զրո» քաղաքական բովանդակություն որակելով այն քննադատությունները, որոնք պտտվում են նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ։

Հարցին՝ արդյո՞ք զրո քաղաքական բովանդակություն ունեն նաև սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման համար 20 միլիոն դրամի  հատկացման մասին քննադատությունները, կամ «Հուզանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 միլիոն դրամի հատկացումը, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց

«Այդ ֆիլմը մի մարդու մասին է, որի գլխավերևում 3 անգամ բարձրացվել է ՀՀ դրոշը»։

Դիտարկմանը, բայց այդ նույն մարդը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց, որ իր համար անընդունելի է մարդու սեռի  հետ կապված որևէ քննարկում։

«Ինչ վերաբերում է նրա քաղաքացիությանը, ապա ես դրա մասին չեմ խոսում, ես սեռի հետ կապված էլ որևէ քննարկման մեջ չեմ մտնում, եթե ուզում եք իմանաք՝ Սահմանադրությամբ է ամրագրված, որ որևէ խտրականություն չպետք է դրվի»,- ասաց  Ուլիխանյանը՝ «Հուզանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 միլիարդ դրամի հատկացման վերաբերյալ քննադատությունները համարելով «անբովանդակ աղմուկ»։

Տիգրան Ուլիխանյանից հետաքրքրվեցինք նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով «Իմ քայլը» խմբակցության պահեստային տարբերակների մասին։ Ի պատասխան՝  պատգամավորը նկատեց, որ այն ճանապարհը, որն իրենք ընտրել են, պետք է անցնել ճիշտ արագությամբ, և իրենց վերջնական նպատակը ոչ թե Հրայր Թովմասյանից ազատվելն է, այլ Սահմանադրական դատարան ունենալը՝ իր սահմանադրական բովանդակությանը համապատասխան։

Հարցին՝ արդյոք «Իմ քայլի» պահեստային տարբերակների վրա ազդեցություն թողե՞լ է Վենետիկի հանձնաժողովի նախագան Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը, Ուլիխանյանը պատասխանեց.

«Նա ասել է, որ իր մոտ է ստեղծվել տպավորություն ՍԴ նախագահի վրա հարվածների մասին։ Մենք մեր գործողությունների մեջ ամբողջությամբ իրավական ենք, իսկ թե ում մոտ ինչ տպավորություն կառաջանա, կամ ով ինչ եզրակացություն կանի, այդ մարդկանց խնդիրն է։ Չափազանցված կարևորություն պետք չէ տալ»։

Տիգրան Ուլիխանյանը խոսեց նաև ԱԺ-ում քննարկվող 2020 թվականի բյուջեի նախագծի մասին՝ ասելով, թե նախքան բյուջեում ներկայացված թվային ցուցանիշների մասին խոսելը, պետք է դիտարկել այն ելակետային տվյալները, որոնց վրա կառուցվել է բյուջեն։

«Չէ՞ որ մենք մշտապես կասկածներ ենք հայտնել ելակետային տվյալների ճշմարտացիության վրա, ուստի այս 2020 թվականի բյուջեն կառուցել ենք այնպես, որ գերակատարվելու է, և ես վստահ եմ, որ նախատեսված թվաբանությունն ու այն իրական արդյունքը, որը զգալու է քաղաքացին իր վրա, էապես իրարից տարբերվելու են, որովհետև պետական բյուջում որոշ բաներ կան, որոնք արտացոլված չեն, որոնք հնարավոր չէ արտացոլել՝ պայմանավորված նրանով, որ մենք անցել ենք նաև ծրագրային բյուջետավորման։ Իմ կարծիքով՝ մենք իրական ծրագրային բյուջե կունենանք երկու կամ երեք տարի հետո»,- ասաց  Ուլիխանյանը։

Հարցին՝ արդյոք բյուջեի նախագծով նախատեսված 4,9 տոկոս աճը կարելի՞ է համարել տնտեսական հեղափոխությանը հարիր տնտեսական ցուցանիշ, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Կարճ ասեմ՝ այո։ 4.9 տոկոս ցուցանիշը մարդիկ շատ ավելի շատ են զգալու, քան նախորդ տարիների 5 տոկոսը»։

Հարցին՝ իսկ արդյոք 2019 կամ 2020 թվականների բյուջեներում երևո՞ւմ է «ճամպրուկներով Բաղրամյան 26 տարված» պարունակության վերադարձը, կամ քանի՞ ճամպրուկ է դատարկվել, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց. «Ինչի՞, դուք չե՞ք զգում, Հայաստանի բոլոր քաղաքացիները զգացել են, արդեն հարյուր-հազարավոր քաղաքացիների եկամուտներ են ավելացել, կյանք է բարելավվել, և դա հենց այնպես չէ. դա եղել է, այդ թվում, վերադարձված ճամպրուկների արդյունքը»,- ասաց  Ուլիխանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս