Բաժիններ՝

Նրբերշիկը պետք է արգելված լինի դպրոցներում և մանկական հաստատություններում

Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ հոկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Երեխաները նշել էին, որ իրենց մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, մի քանիսն էլ՝ հոթ-դոգ և խաչապուրի, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

«Սննդի պետական ծառայությանը կից խորհրդի անդամ եմ, պարբերաբար հանդիպումներ լինում են: Եթե հանդիպման ժամանակ չներկայացվի քրեական գործի եզրակացությունը, հետազոտությունների արդյունքները, ուրեմն՝ թաքցնելու, կեղծելու միտք կա: Սնունդը, ջուրը և  հակասանիտարական վիճակը կարևոր են, բայց այդ երեքից ոչ մեկի պատասխանը չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Նախ՝ նրբերշիկը պետք է արգելված լինի դպրոցներում և մանկական հաստատություններում: Հիմա, որ նայում եմ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կայքը, մեզ շեղում են. պիցցա բերողն ինչ-որ մի բան խախտել է: Խնդիրը ոչ միայն սնունդ մատակարարելու, այլև անվերահսկելիության մեջ է:

Սնունդ բերողը կարող է սխալվել, իսկ այն ընդունո՞ղը: Ստորագրելուց առաջ պետք է նայեր, թե ո՞ր օրվանն է, ի՞նչ է. մեղավորությունը երկկողմանի է: Այդ երկու կողմն էլ ՍԱՊԾ-ի աչքի առջև պետք է լինեն: Իսկ ՍԱՊԾ-ն մեզ հրավիրում է քննարկելու սպանդանոցների խնդիրը: Ես քննարկելու խնդիր չեմ տեսնում, եթե երեխաներ են հայտնվում հիվանդանոցում:

4 տարի շարունակ ասում են՝ բուսական ուտելիքին խառնվել է կենդանականը, կամ՝ հակառակը: Դրանից լավ  ի՞նչ  կարող է լինել: Սրա մեջ հանցագործություն, վտանգ են տեսնում, բայց դրանից լավ բան չի կարող լինել: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր երդվյալ հումակեր են, միայն բուսական սնունդ են ուտում, ու իրենք, ասենք, 22 կիլոգրամ են: Եթե իր ուտելիքի մեջ բուսականն ու կենդանականը խառնվել են,  դրանից լավ ի՞նչ կարող է լինել: Այդտեղ վնասն այն է, որ մի քանի կոպեկ կեղծել են: Դատախազները, քննիչները կոպեկի մասին մտածում են, սննդի որակն ու անվտանգությունն ապահովելու համար չեն անհանգստանում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:

Նշենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:

ԱՁ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս