
Փոմպեոն կոչ է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «էսկալացիայի» պատճառով

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «էսկալացիան» անհանգստություն է առաջացնում, որը պետք է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Եկել է ժամանակը, որպեսզի բոլոր երկրները մերժեն միջուկային բնագավառում այդ ռեժիմի շորթողականությունը եւ լուրջ միջոցներ ձեռնարկեն ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Իրանի բազմաթիվ եւ չդադարող «միջուկային սադրանքները» պահանջում են նման գործողությունների ընդունումը»,-գերատեսչությունը մեջբերում է Փոմպեոյի խոսքը:
Լույս նոյեմբերի 7-ի գիշերը Իրանն սկսել է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ տեղակայված են 1044 ցենտրիֆուգներ, եւ մտադիր է նոյեմբերի 9-ին հարստացնել ուրանը մինչեւ 4,5 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: