«Չեխիան աջակցում է արդարադատական համակարգի բարեփոխումներին, Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Կառավարության համագործակցությանը». Չեխիայի դեսպան
«Հայ-չեխական քաղաքական հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա»,- այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բեդրիխ Կոպեցկին՝ անդրադառնալով հայ-չեխական և ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Բեդրիխ Կոպեցկին հիշեցրեց, որ վերջերս ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում Նյու Յորքում հանդիպել էին ՀՀ վարչապետը և Չեխիայի վարչապետը: Նրա գնահատմամբ՝ հանդիպումը դրական է անցել: Դեսպանի խոսքով՝ կա չիրացված ներուժ տնտեսական հարաբերություններում:
«Ձեր վարչապետը ողջունեց չեխական ներդրումները ՀՀ-ում: Երկու կողմերը մտածում են, որ կարելի է անել ավելին՝ ընդլայնելու համար հայ-չեխական առևտրային հարաբերությունները, որն իսկապես անընդհատ աճում է»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ-Չեխիա միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը խթանի կոնկրետ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունը:
Դեսպանը տեղեկացրեց, որ ցանկանում են բարձրաստիճան այց կազմակերպել, ձեռնարկատիրական առաքելություն իրականացնել՝ փորձելով երկկողմ նոր կապեր հաստատել:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հոկտեմբերի քսանմեկին Պրահայում էր խորհրդակցությունների նպատակով: Ըստ նրա՝ խորհրդակցությունների առարկան ՀՀ-ԵՄ և հայ-չեխական հարաբերություններն էին: «Մեր խորհրդարանում մենք առաջիններից էինք, որ վավերացրինք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: Ես դրական եմ այն գնահատում: Մենք կարծում ենք, որ այդ համաձայնագիրը հիմքեր է տալիս ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, առանձին երկրների և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման համար: Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ի շրջանակում կա գործիք, որը կոչվում է «Արևելյան գործընկերություն», և, եթե չեմ սխալվում, ՀՀ ԱԳ նախարարն այս օրերին գտնվում է Ստոկհոլմում ԱլԳ բարձրաստիճան միջոցառման, որտեղ, իհարկե, դիտարկվելու են հարցեր, թե ինչպես օգտագործել այդ ծրագիրը՝ առանձին երկրների և ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելու համար: Շեշտեմ, որ Չեխիայի Հանրապետությունը հենց սկզբից ամենաակտիվ երկրներից մեկն է եղել, որն աջակցել է այդ գործընթացի զարգացմանն ԱլԳ շրջանակում»,- ասաց դեսպանը՝ շարունակելով, թե կցանկանային նաև իմանալ՝ որո՞նք են ՀՀ առաջնահերթություններն այդ ծրագրի շուրջ:
Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է շատ դրական լինել: Նա նաև տեղեկացրեց, որ Չեխիան, ԵՄ-ն աջակցում են բարեփոխումներին, արդարադատական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև՝ Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Կառավարության համագործակցությունը: