Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:
Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ավստրիայում Հայ դատի գրասենյակի կողմից, Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով:
Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև Վիեննայի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ: