«Քաղաքապետն ինձ հետ հանդիպմանը նման որևէ բան չի ասել». դեսպանը՝ Պրահայում Մարությանի տան վրա հարձակման մասին
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին տեղյակ չէ՝ արդյոք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՉՀ քաղաքացի՞ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բեդրիխ Կոպեցկին:
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կապերը Չեխիայում, ունի՞ արդյոք քաղաքապետը Չեխիայի Հանրապետության քաղաքացիություն, նա արձագանքեց՝ ասելով, որ տեղյակ չէ:
«Բայց Դուք պետք է հարցն իրեն ուղղեք, ես տեղեկացված չեմ, դա անձնական հարց է»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով ամիսներ առաջ մամուլում տարածված տեղեկություններին, թե Պրահայում հարձակում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետին պատկանող տներից մեկի վրա, և հարցին՝ արդյոք բացահայտվե՞լ է այդ միջադեպը, դեսպանն ասաց, որ որևէ բան չգիտի այդ մասին:
«Եթե չեմ սխալվում, այդ մասին չեխական ԶԼՄ-ներում, մեր մեդիաներում չի եղել որևէ տեղեկատվություն: Ավելին՝ երբ հանդիպել եմ քաղաքապետին, նա ինձ որևէ նման բան չի ասել»,- ասաց դեսպանը: