Բացահայտվել է Երևանում գործող մարկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքը. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող թիվ 116-րդ մանկապարտեզ և հափշտակել ջերմաչափեր, ներարկիչներ, դեղահաբեր՝ հիշյալ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Թիվ 116 մանկապարտեզը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973թ.:
Քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 1973թ. ծնված տղամարդը, զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել մանկապարտեզի վարչական շենք, բուժկետից հափշտակել, ջերմաչափեր, դեղահաբեր, որից հետո կրկին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է հաշվապահի աշխատասենյակի մուտքի դուռը՝ փնտրելով արժեքավոր իրեր, սակայն լսելով գիշերային պահակի բղավոցները՝ դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: