Պահանջում են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։ Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատություններն առ այն, որ որեւէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ եւ անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», եւ որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով եւ մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների եւ հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»:
Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Զոհրաբյանի հրաժարականի հարցը, մեր տեղեկություններով, բարձրացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ։ Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի քվոտայով է ընտրվել, եւ կարծիք է հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։
Իր հնարավոր պաշտոնանկության մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են եւ հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքները, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի եւ քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի եւ խավերի շահերը հավասար են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: