«Սա մեզ համար ահազանգ է, որպեսզի հետքերով գնանք և հասկանանք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ». Բաբկեն Թունյան
«Որպես իշխանության ներկայացուցիչ, իհարկե, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին: Ամեն դեպքում սա մեզ համար ահազանգ է, որպեսզի այդ հետքերով գնանք և հասկանանք, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Եթե նման դրսևորումներ կան, ապա դրանք պետք է կանխվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է:
Ըստ նրա՝ նոր Հայաստանի տարբերությունը հին Հայաստանից այն է, որ նման հայտարարություններն օդում չեն մնում, և դրանց համարժեք քայլեր են կիրառվում:
«Մինչև երկու կողմերին էլ չլսենք, թե՛ մենք, թե՛ դուք, ոչինչ չենք կարող ասել, այդ պատճառով էլ ինձ համար հետաքրքիր է նաև մյուս կողմի կարծիքը լսել, այնուհետև հետևություններ անել»,- հավելեց Թունյանը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են Տիգրան Ավինյանի անվան շուրջ նման սկանդալներ լինում, նա պատասխանեց, որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է, ավելին, գուցե նրա անունը շրջանառողներին հարցն ուղղվի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան