«Բաց ազնիվ խոսակցություն էր». Մանրամասներ Փաշինյան-հոգևորականներ հանդիպումից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է «ապահոգեւորականացման մթնոլորտի» մասին՝ որպես միտում․ մենք` աշխարհականներս, չհասկացանք, թե նա ինչ նկատի ուներ՝ հարցրինք հոգեւոր խորհրդի անդամ Բագրատ սրբազանին։
«Նկատի ուներ ընդհանուր արժեքների նկատմամբ հոգեւոր անկումը»: Այդ դեպքում պետք է օգտագործվեր ոչ թե «ապահոգեւորականացում», այլ` «ապահոգեւորացում» եզրույթը։ «Դե հասկանալի է` ինչի մասին է խոսքը. չեմ կարծում նա այլ բան նկատի ուներ»:
Առաջին դեպքում այն անձամբ ձեզ` հոգեւորականներիդ է վերաբերում, երկրորդ դեպքում` ոլորտին։ «Չէ, չէ, հոգեւորականության մասին չէր խոսքը, այսօրվա հոգեւոր ընթացքի մասին էր, ես այդպես եմ հասկացել»:
Դուք բարձրացրի՞ք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու հարցը։ «Թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի հետ բաց, ազնիվ խոսակցություն է եղել այդ մասին»։ Ե՞վ։ «Առկա էր գործակցության եւ համագործակցության տրամաբանությունը. հանելու-չհանելու խնդիր չի դրված, փորձում են հարցը լուծել ավելի համալիր»:
Իսկ խոսք գնա՞ց սեռափոխ սպորտսմենի մասին ֆիլմին 20 մլն տրամադրելու մասին։ «Խնդիրը բարձրացվեց, բացատրություն տրվեց»: Ի՞նչ բացատրություն։ «Ասվեց, որ այդ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի. գումարի փոքրիկ մասն է տրամադրել մշակույթի նախարարությունը, մնացյալը` ֆիլմը ստեղծելու ցանկությունը ճապոնական կառավարությանն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: