«Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա». Հունաստանի նախագահ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ հղեց Թուրքիային: Հունաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:
«Մենք հիշում ենք հայերի ցեղասպանությունը, մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց ցեղասպանությունը ճանաչածների շրջանակը: Մենք 1996թ. խորհրդարանի մակարդակով ճանաչեցինք հայերի ցեղասպանությունը, սահմանեցինք ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր, և 2014թ. քրեականացրեցինք հայերի ցեղասպանության ժխտումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն ճանաչեցիք Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այստեղից մենք ուղերձ ենք ուզում ուղարկել դեպի Թուրքիա: Նա պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, պետք է ներողություն խնդրի»,- ասաց նախագահը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով: