«Վարչապետ ջան, դու այսօր անում ես այն, ինչի դեմ պայքարե՞լ ես». Հուսիկ Արա

«Շատ լավ է, որ հայագիտական բլոկը դպրոցներում փորձում են ուժեղացնել, բայց բուհերն էլ պետք է տան իրենց հասանելիքը: Բայց ես հակառակն եմ նկատում, որ հայագիտական բլոկը դպրոցներում փորձում են թուլացնել»,- «168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե 12 տարվա ընթացքում ծրագրերը պետք է բուհերից իջեցնել ավագ դպրոց, որպեսզի քաղաքացին հայագիտական բլոկն ամբողջությամբ սերտած գնա բուհ և մասնագիտություն ստանա:

Բանաստեղծը խայտառակություն որակեց ուսուցիչների աշխատավարձերը՝ 10 տոկոսով, իսկ նախարարներինը՝ կրկնակի բարձրացնելը.

«Հիմա շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի մի տեսագրություն, որտեղ նա ասում է, թե ինչպես կարելի է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203 տոկոսով բարձրացնել, ԱԺ պատգամավորներինը բարձրացնել, ու ասում էր, թեպետ իր աշխատավարձն էլ է բարձրանում, բայց ինքը դեմ է: Փաշինյանն ասում էր՝ ինչպե՞ս կարող է նախարարի աշխատավարձը 2.5 անգամ ուսուցչի աշխատավարձից բարձր լինել: Հիմա, եթե 1.5 միլիոնը բաժանում ենք ուսուցիչների աշխատավարձերին, ապա 15-20 անգամ է մեծ լինում: Այսինքն՝ վարչապետ ջան, դու այսօր անում ես այն, ինչի դեմ պայքարե՞լ ես: Այսօր ասում եք՝ կոռուպցիա, կաշառք չկա, բայց այդ կաշառքն օրինականացնում եք: Նախ՝ ուսուցիչներինը պետք է 100 տոկոսով բարձրացնեիր, իսկ նախարարներինը՝ 10 տոկոսով: Սրանք արդեն ըմբոստության հասցնող բաներ են»:

Դիտարկմանը՝ ասում են՝ նախարարների աշխատավարձերը բարձրացնում են, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը վերացնեն, նա այսպես արձագանքեց.

«1 միլիոն դոլար էլ լինի, եթե կաշառք վերցնելու մեխանիզմ կա, միևնույն է՝ վերցնելու են: Նախ՝ պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ մարդը չկարողանա կաշառք վերցնել: Եթե մեծ պատասխանատվություն ունի նախարարը, դատավորը, փաստաբանը, ապա ո՞վ ասաց, որ պատասխանատվություն չունեն ուսուցիչը, սանիտարը և այլք: Այդպես չեն մոտենում, այս ժողովուրդը դուրս է եկել, հեղափոխություն է արել ոչ դրա համար, այլ նրա համար, որ նաև իր սոցիալական վիճակը լավանա, որ առաջընթաց տեսնի: Մենք այսօր չպետք է մխիթարվենք, որ մենք ազատվեցինք նախկիններից: Եթե առաջ ենք գնում, մարդավարի առաջ գնանք. սա առաջընթաց չէ»:

Հուսիկ Արան իր վերջին հարցազրույցներից մեկում հետևյալն է ասել.

«Արեցինք սիրո հեղափոխություն, բայց փոխարենը ստացանք ատելության մթնոլորտ»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչը կամ ո՞վ ստեղծեց այդ վիճակը:

«Նախ՝ Փաշինյանը չպետք է հայտարարեր՝ հեղափոխականներ, հակահեղափոխականներ: Մենք մի բուռ ժողովուրդ ենք, բոլորս էլ հրապարակում էինք, դրանց մեջ հակահեղափոխական չպետք է փնտրել: Քաղաքապետն ասաց՝ սևեր և սպիտակներ: Լսիր, սև ու սպիտա՞կ ես փնտրում մեր մեջ: Հենց այդ ամբողջը բերեցին, օր օրի սկսեց խորանալ ու դառնալ ատելության մթնոլորտ, բևեռացման տանել, մինչդեռ պետք է հակառակը լիներ: Ասե՞լ ես՝ «սիրո հեղափոխություն», եկե՞լ ես՝ իրականացրու: Այսօր ես չեմ համարձակվում Facebook-ում գրառում կատարել, որովհետև հարձակվում են: Հիմա մեզ դիտողն ի՞նչ է ասում՝ ինքը սերժական է կամ քոչարյանական է: Եթե մյուսն եմ ասում, ապա՝ նիկոլական է: Ես ոչ մի «-ական» էլ չեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ, մտավորական եմ և ասում եմ ճշմարտությունը, ուզում եմ տեսնել նորմալ երկիր: Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, որ նման բաները վերանան, ոչ թե հիմա խորանան: Սա լավ բանի չի տանում, այս հոգեբանությամբ մենք չենք կարող առաջ գնալ»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով՝ նախկինում ավելի համարձակ էինք խոսում:

«Նախկինում այդպես չէին հարձակվում, այդ մտավախությունը չունեիր, որ հիմա քեզ հանիրավի կդատապարտեն»,- ասաց Հուսիկ Արան:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս