Նոր կյանք համայնքում ապօրինի դրամահավաքի մեջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի «ձեռքերն» են տեսնում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացիներն ահազանգում են ապօրինի դրամահավաքի մասին և այդ ամենում մեղադրում են մարզպետին:
168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ Նոր կյանք համայնքի բնակչությանը Նոր կյանք համայնքի ղեկավար Արամ Գրիգորյանը գյուղամեջում հավաքել է ժողովի ու հարկադրել, որ յուրաքանչյուր ընտանիք 15.000 դրամով պարտադիր միանա իր նախաձեռնած դրամահավաքին: Նպատակը համայնքի ջրագծերը փոխելն է, իսկ թե ինչո՞ւ այդչափ գումար, ընդ որում՝ կանխիկ և առանց որևէ փաստաթղթի, մարդիկ պիտի վճարեն ինչ-որ անձի, այս հարցերի պատասխանները չեն տրվել բնակիչներին:
Ընդգծենք՝ սա հենց այն համայնքն է, ուր Գարիկ Սարգսյանը ծնվել-մեծացել է, ընտրվել է Նոր կյանք համայնքի ղեկավար, և ապա հեղափոխության ուժով դարձել Արարատի մարզպետ: Իսկ իրեն հաջորդած Նոր կյանք համայնքի ղեկավար հետ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ասում են, կապվում է մի քանի թելերով՝ քաղաքական ընդհանուր հայացքներից՝ մինչև դասընկեր և անմիջական վերահսկողություն, որն իրականացնում է իր միջամտությամբ գուղապետի տեղակալ դարձած կնոջ մորեղբոր միջոցով: Նշենք, որ մեկ տարի առաջ Դավիթ Բազյանը նշանակվեց Նոր կյանքի փոխհամայնքապետ:
Ջրագծեր փոխելու, 15.000 դրամի հավաքագրման մասին տեղեկությունը Նոր կյանք համայնքի ղեկավար Արամ Գրիգորյանը հաստատեց 168.am-ի հետ զրույցում: Միակ պատճառաբանությունը, ըստ նրա, արդարության անկեղծ մղումն է՝ «որ սրանից հետո էս գյուղում խմելու ջրի լևի գիծ ոչ մեկը չունենա»,- ասաց նա: Նոր կյանք համայնքի երիտասարդ ղեկավարը համարում է, որ «նոր մագիստրալին պիտի նորագույն ու զարգացած խողովակներով տուն առ տուն բոլորը միանան», ընդ որում, նա պնդում է՝ առանց այլընտրանք առաջարկելու:
«Ես երկու ծրագրով եմ մասնակցում էդ ջրագծերի փոփոխությանը, մեկը՝ իմ, մյուսը՝ Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով՝ շուրջ 8 մլն դրամ վճարումով, մենք մենակ մագիստրալն ենք փոխում և փողոցների հիմնական ջրագծերը, մյուս միացումները, որ ամեն տուն պիտի կպնի իրա տեղից՝ դա մեր հնարավորությունների շրջանակում չի կարող լինել: Էն, որ դուք ասում եք՝ դրամահավաք, էդ դրամահավաք չի, էդ ամբողջը գյուղի մասշտաբով ա, ես ձեզ ասեմ, ու տեղյակ են մարդիկ, որ կապ չունեմ դրա հետ։ Մենք պայմանավորվել ենք ուղղակի՝ մի հոգի գա-կպնի էդ դիտահորերին ու ջրագծերին, որ լևին վերացնենք, ու մարդիկ չգնան-չընկնեն էս յան, էն յան, դետալներ ու խողովակներ առնեն տարբեր գներով, մի մարդ գա, իրա միացումն անի, հետո էլ «Վեոլիան» կգա՝ լրիվ նոր հաշվիչներ կտեղադրի»,- պարզաբանեց գյուղապետը:
Մեր հարցին՝ ո՞վ է բնակիչների հետ պայմանավորված անձը, ի՞նչ հաշվարկով են այդ դրամները հավաքվում, և ինչո՞ւ չեն մարդկանց վճարման դիմաց տրվում կտրոններ, Նոր կյանք համայնքի ղեկավարը խճճված, իրար հակասող պատասխաններ տվեց.
«Դրա մասով պայմանագիր չկա, ես չգիտեմ՝ ովքեր են էդ մարդիկ, Թազա ջրագիծը գցած ա, ու դրան միանալու համար էդ աշխատանքը, միևնույն ա, արվելու էր, հիմա գալու ա էդ մարդը, ով որ պայմանավորվել ա բնակիչների հետ»:
Նոր կյանքի համայնքապետը հերքում է բնակիչներից մեզ փոխանցված տեղեկությունը, որ գյուղամեջում կազմակերպած ժողովն ինքը հրավիրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հորեղբոր հետ, ով, գյուղացիների խոսքով, անմիջականորեն կապված է դրամահավաքի հետ:
Արա Գրիգորյանը հերքում է նաև, որ բնակչության ընդվզումներից ու բողոքի արձագանքներից հետո ինքը մի պահ հեռացել է խմբված համագյուղացիներից ու զանգահարել մարզպետին՝ փոխանցելով նրան հանրային դժգոհությունը և ասել՝ «կրակը գցեցիր մեզ»:
Ի դեպ, նույն համագյուղացիները պնդում են նաև, որ գյուղն իրականում չի ունեցել ջրամատակարարման խնդիր, ամեն օր Գառնու ջուրը մատակարարվել է կայուն ռեժիմով՝ 8։00-ից մինչև 14։00-ը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է Նոր կյանք համայնքի նորընտիր ղեկավարը ձեռնարկել ջրագծերը փոխել, համագյուղացիներից մեր զրուցակիցները պատասխանում են.
«…Որովհետև մարզպետ Գարիկ Սարգսյանը փող հավաքել ա սովորել գյուղապետ եղած ժամանակներից: Մեր գյուղն իր մենաշնորհն ա, իրա գյուղապետ դարձած ժամանակ 15 մլն համայնքային բյուջեն տակը դրած՝ նորից տուն առ տուն ընկան, հարկադրելով 15000 հավաքեցին, որ գյուղի փողոցների լուսավորության հարցը լուծեն: Էն ժամանակ էլ առանց չեկ, առանց փաստաթուղթ՝ սպառնալով, շանտաժով մեզնից փողերը հավաքեցին, ասում էին՝ տա՞ս՝ լույս կունենաս, ոնց որ հիմա՝ չե՞ս տա՝ ջրի երես չես տեսնի, անլվա կմնաս, չեն թողելու, որ մագիստրալին կպնեն: Եվ էդ 4.5-5 միլիոն դրամով էն ժամանակ Գարիկը մենակ կաբելներ ու լույսեր ձեռք բերեց, որովհետև գյուղի սյուները կային դեռ Սովետի թվից»:
Այն, թե իրականում այս դրամահավաքի հետ ի՞նչ առնչություն ունի Արարատի մարզպետը, նախորդիվ հավաքագրած գումարները որքանո՞վ են հիմնավոր ծախսվել՝ իր պաշտոնավարման շրջանում, մեզ չհաջողվեց ճշտել, մարզպետը հրաժարվում է պատասխանել լրագրողների զանգերին:
Սյուզի Բադոյան