
Բումերանգ է. ահա թե ինչու են հայտնվում նման խայտառակ վիճակներում՝ Մադրիդյան սկզբունքներ, ԱԳ նախարարի հարցազրույց Hard Talk հաղորդմանը

Հոկտեմբերի երկրորդ կեսից Միգրացիոն ծառայությունում հանրային քննարկումներ են կազմակերպվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը գումար հատկացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ: Նախագծով առաջարկվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված Երևան քաղաքում բնակվող 11 ընտանիքի տրամադրել գումար՝ բնակարան գնելու համար:
Այս և փախստականների այլ խնդիրների մասին 168.am-ը զրուցել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ:
Պատկերացում չունենք, թե որքան բռնագաղթված կամ փախստական կա Երևանից դուրս
– Քանի որ բնակարանային հարցը բարձրացվել էր, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ փոքրիկ հետազոտական աշխատանք է կատարում, որպեսզի կարողանա բնակարանային հարցն առաջ մղել:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երևանի հանրակացարաններում և սոցիալական տներում հարցում անցկացվեց հետևյալ ձևով. քանի՞ ընտանիք կա, ամեն ընտանիքում քանի՞ հոգի են ապրում, նույնիսկ հարց կար, թե կլինե՞ն մարդիկ, ովքեր կցանկանան Ազատագրված տարածքներում բնակվել: Որից հետո վերցրեցին Երևանի 10 համայնքներից 5-ը, որտեղ ամենաքիչն են ապրում բռնագաղթվածներ և փախստականներ: Շատերի կարգավիճակը փախստականի չէ, իրենց քաղաքացիություն են տվել: Երբեմն լինում է, որ անարդար կարծիք են հայտնում՝ ասելով, թե փախստականները չեն ուզում դառնալ քաղաքացի, որ իրենց տղաները բանակում չծառայեն: Ես միշտ հակադարձել եմ՝ ասելով, որ ուղղակի կարճատես եք, որովհետև չեք հասկանում, որ քաղաքացիություն տալուց հետո պետությունը պետք է այդ մարդուն ապահովի աշխատանքով, բնակարանով և այլն: Քանի դեռ փախստական է՝ նա կարողանում է օգտվել Կարմիր խաչի, ՄԱԿ-ի ծրագրերից, սակայն հենց նրա ձեռքից վերցնում ես փախստականի կարգավիճակը, զրկվում է ցանկացած նմանատիպ ծրագրի մասնակցելուց: Օրինակ՝ «Կարմիր խաչը» գյուղում ապրող փախստականներին կենդանիներ է տալիս, թռչուններ, նրանք պահում են, հաշվետվություն են տալիս, հետո հնարավորություն են տալիս կրկնապատկելու դրանց գլխաքանակը: Կարող են կարի մեքենա տրամադրել, կտոր, որ ինչ-որ բաներ կարեն, տանեն-վաճառեն: Իսկ եթե փախստականի կարգավիճակից զրկվել ու մնացել ես Սեբաստիա փողոցում ու ապրում ես 9 քմ-ում, կամ պետք է թափառես ու տեսնես, թե ի՞նչ աշխատանք ես գտնում, կամ չգիտեմ… այսինքն՝ հազիվ ես ապրելու: Այստեղ միայն բանակում ծառայելու հարցը չէ: Իսկ ինչ մնում է բռնագաղթվածների՝ հայրենիքի պաշտպանության հարցին, մենք կարող ենք մեկ բան ասել. Շուշիում զոհվել է Բաքվից՝ 10, իսկ Սումգայիթից՝ 1 փախստական: Սա թիվ է, չէ՞: Ուրեմն քանի՞ հոգի է մասնակցել Շուշիի ազատագրմանը, որ 10 բաքվեցի փախստական զոհվել է:
Այսինքն, պետությունը ոչ միայն պետք է քաղաքացիություն տար, այլև այդ մարդկանց սոցիալ-տնտեսական կարիքների ապահովմամբ զբաղվեր: Չի արել, ավելին, խեղճերը դարձել են կոռուպցիոն ռիսկերի օբյեկտ: «Նաիրի» հյուրանոցում մարդիկ ապրել են, 2001թ. եղել է Կառավարության որոշում, որ փախստականներին տան հնարավորություն իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու համար, դա չեն արել, կոծկել են, բայց որպես սեփականություն՝ տվել են սրան-նրան:
Նույնը` Սեբաստիա փողոցում գտնվող հանրակացարանի դեպքում: Այսինքն՝ մարդիկ մնացել են օդում կախված: Անօրինականություններ են եղել, սեփականատերը 10 ընտանիքի վտարել է, ներսում աջ ու ձախ ինչ-որ տարածքներ են վաճառվել: Պետությունը սրան չի հետևել, այսինքն՝ փախստականները կամ բռնագաղթվածները, կարծես թե, միջոց են եղել հավելյալ փող աշխատելու, փող լվանալու, և այլն:
Եվ, ինչպես հասկացա՝ Միգրացիոն ծառայությունը Երևանի վարչական շրջաններում հետազոտություն անցկացրեց, ու քանի որ պետության հնարավորություններն էլ կասկածելի են՝ արդյո՞ք պետությունը կարող է բնակարանով ապահովել, թե՞ չէ, որոշվեց ընտրել 5 վարչական շրջանները, որտեղ ամենաքիչն են բռնագաղթվածներն ու փախստականները, այդ 5 վարչական շրջաններում 112 ընտանիք է ապրում, այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը բարձրացնել կառավարությունում:
Անշուշտ, ցանկալի կլինի, որ իրենց կայքում թափանցիկ ներկայացնեն այդ ամենը: Օրինակ՝ եթե 112 ընտանիքի են բնակարանով ապահովելու, ապա ովքե՞ր և որտե՞ղ: Հետևում եմ՝ տեսնեմ, թե 112 ընտանիքների վերաբերյալ նախագիծը ե՞րբ են Կառավարությունում քննարկելու: Եթե նրանց ապահովեն բնակարաններով, հավանաբար, պետությունը ճանապարհ կփնտրի՝ օգնելու մյուս համայնքներում բնակվողներին, որոնք ավելի շատ են: Խոսքը վերաբերում է միայն Երևանին: Երևանից դուրս որևէ բան առայժմ չի արվում, նույնիսկ պատկերացում չունենք, թե ինչքան բռնագաղթված կամ փախստական կա Երևանից դուրս:
Եթե հաշվի առնենք Միգրացիոն ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանի ասած թիվը, որ մոտ 78.000 հոգի քաղաքացիություն է ստացել, պետք է ենթադրել, որ ընդհանուր առմամբ այդքան բռնագաղթված ունենք, բայց թե նրանցից քանի՞սն են արտագաղթել, քանի՞սը՝ մնացել, դա հայտնի չէ:
Որևէ մեկը չասաց՝ եթե մարդկանց վարձով բնակարան եք տալիս, տվեք մի տեղում, որ իրենց համայնքային կյանքը կրկին չավերվի
– Արցախի փողոցում ահավոր վիճակ էր, հանրակացարանում ապրում էին տեղացիներն ու փախստականները: Հանրակացարանը, քանի որ վթարային է, օր առաջ որոշեցին Սիսակյան փողոցում կառուցել շենք ու բնակիչներին այդտեղ տեղափոխել: Բայց արդեն կառուցված շենք կար, որտեղ տեղափոխեցին 11 ընտանիքի: Այստեղ էլ՝ տարօրինակ ձևով, փախստականներն ու բռնագաղթվածները չկարողացան իրավիճակը տնօրինել. հասկանալի չեղավ, թե շենքի լիազորն ի՞նչ սկզբունքով որոշեց, թե այդ ցուցակում ովքեր պետք է ներառվեն, իսկ ովքեր՝ ոչ, մի քիչ կասկածելի մնաց: Այդ վթարային շենքից մի մասը տեղափոխվեց, իսկ մյուս մասը սպասում է, որ Սիսակյան փողոցում շենքը կառուցվի, ու իրենք տեղափոխվեն: Կարևոր է նաև համայնքային կյանքը: Մարդիկ նորից են տեղափոխվում, կապը կտրվում է: Սա խորքային խնդիր է, որ պետությունը չուսումնասիրեց ու չանդրադարձավ: Տարօրինակ ձևով սոցիոլոգներն էլ չանդրադարձան: Որևէ մեկը չասաց՝ եթե մարդկանց վարձով բնակարան եք տալիս, տվեք մի տեղում, որ իրենց համայնքային կյանքը կրկին չավերվի: Մեծ մարդն արդեն տարեց է, միմյանց օգնելու, աջակցելու խնդիր ունեն: Հիմա ցրվեն, ո՞նց կլինի:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երկու հաստիք կա, սակայն մինչև հիմա ֆինանսավորում չկա
– «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը ընդունվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամանակ կլուծվի աշխատանքային գրքույկներ չունեցող կամ թերի լրացված գրքույկներ ունեցող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցը:
Կարծում եմ՝ այս հարցում միանշանակ պետությունը պետք է աջակցի: Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի խնդիրները մնում են լուսանցքում՝ բոլոր առումներով. քաղաքական վերնախավը, կուսակցությունները դրանով չեն զբաղվում: Սա սոցիալ-տնտեսական հարցն է, բայց մինչ օրս չկա մշակութային արժեքների պահպանման հարցերով զբաղվող որևէ օղակ:
Կա նաև Գարդման-Շիրվանի և Նախիջևանի թանգարանի խնդիրը: Ամեն տարի մենք մի նամակ ենք տանում կառավարություն, այստեղ-այնտեղ խոսում ենք, գործընթացն էլի կանգ է առնում: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում բացվեց Այսրկովկասում հայերի ջարդերի ուսումնասիրման բաժին. երկու հաստիք կա, սակայն մինչև հիմա ֆինանսավորում չկա:
Խնդիրների փունջ կա, որոնք վերջին 30 տարիներին բաց են թողնվել, որից տուժել են փախստականները, որովհետև ինչո՞ւ 30 տարի հետո պետք է վերանայվի նրանց աշխատանքային ստաժի հարցը, մի՞թե դժվար էր ավելի վաղ կատարել: Մարդիկ մահացել են, եթե մտնեք հանրակացարաններ՝ կտեսնեք, թե ինչքան մարդ է մահացել, ովքեր սպասել են, որ մի օր իրենց հայոց պետությունը պետք է իրենց աշխատանքային ստաժը հաշվի առնի և թոշակը բարձրացնի: Այդպես էլ մահացան: Սպասում էին, որ մեկ օր պետք է այդ 9 կամ 12 քմ-ից դուրս գան, նորմալ, մարդկային պայմաններում ապրեն, ու այդպես սպասելով մահացան: Այս մազոխիզմը, երբ հայությունն իր մի հատվածին այդպես խժռում է, ընդ որում՝ պետության մակարդակով, դա շատ անհասկանալի է: Բումերանգ է, եթե Ադրբեջանի հայության շահերով՝ քաղաքական, քաղաքացիական, մշակութային ու սոցիալ-տնտեսական, չեք զբաղվում, այսօր հայտնվում եք խայտառակ վիճակում: Այդպես ենք անում, որ այսօր ունենք «Մադրիդյան սկզբունքները», ԱԳ նախարարի հարցազրույցը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը, և այլն:
Ադրբեջանահայության հարցը բոլոր առումներով հայության ճակատագիրն իր մեջ ներառող երևույթ է: Եթե նրանց ճակատագրի մասին չխոսենք՝ կորցնելու ենք շատ բան: Ազատագրված տարածքները մնացին չբնակեցված, որովհետև 2004թ. ՀՀ երկրորդ նախագահը «թևերը քշտած»՝ իրողություն դարձրեց Միջազգային ճգնաժամային խմբի հայատյաց, ռասիստական հանձնարարությունը, որն է՝ այդ տարածքներում հայը չպետք է ապրի: Սա հետո ընդգրկվեց «Մադրիդյան սկզբունքերում»: 1994թ. եթե որոշվեց հիմնել Քաշաթաղի շրջանը, վերաբնակեցնել, որովհետև 30.000-ից ավելի փախստական միայն մուտք էր գործել Արցախի տարածք, սակայն տարօրինակ բացասական տրամադրություն էր Դաշտային Արցախի հայության նկատմամբ, ու օր առաջ ուղարկեցին Հայաստան: Բայց, այսպես թե այնպես, 30.000 հոգի մնացին, բայց քանի որ չֆինանսավորեցին, չաջակցեցին, կեսից ավելին դուրս եկավ:
Հետո, 2011թ. նոյեմբերին, երբ հայտարարեցինք, որ Իշխանաձորից մի փոքր ներքև փախստականների Բագվան քաղաքն ենք կառուցում, պատկերացնո՞ւմ եք՝ կեսը հետ եկավ, վերաբնակվեց: Երբ խոսում էինք, իրենց թվաց, թե իշխանությունները մեզ հետ համաձայն են, այնինչ, 2012 թ. մայիսից հետո դա էլ կասեցրին, ասացին՝ թույլ մի տվեք, որ գան, բնակվեն այստեղ: Բաքվից զանգել են Բաղրամյան 26՝ հարցնելով, թե՝ ի՞նչ է, այստեղ քաղա՞ք եք կառուցում, պատասխանել են, թե՝ փախստականներն են, էլի, ինչ-որ բաներ են խոսում, բանի տեղ մի դրեք: Իրենք իրոք կասեցրին վերաբնակեցումը, և սա խնդիր է այսօր: Մեզ համար մեծ ազդակ էր, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ տարածքները պետք է վերաբնակեցնեն: Սակայն, դրանից հետո, կառավարությունը որևէ խոսք, ծրագիր, նախագիծ ցույց չտվեց: Արձագանք, աջակցություն չկա:
Անի Կարապետյան