
Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստան Էրդողանի հնարավոր այցի մասին տվյալները

Ռուսաստան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսքի» բացմանը Թուրքիայի ղեկավարի ժամանման վերաբերյալ տեղեկատվութունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել է, որ Էրդողանը կարող Է այցելել Ռուսաստան այս տարի «Թուրքական հոսքի» բացման առթիվ: Սակայն, նրա խոսքով՝ այցով ՌԴ կարող է ժամանել նաեւ նախարարը: «Առայժմ ստույգ ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է գազատարի կառուցում, որը բաղկացած կլինի երկու գծից՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված է Թուրքիայի ձեռնարկություններին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Գազատարի գործարկումը պլանավորվում է մինչեւ 2019 թվականի վերջը: