Բաժիններ՝

«Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից: Այդ մասին նա նոյեմբերի 5-ին հայտնել է լրագրողներին:

«Երբ մենք գնում էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չէինք հարցնում, եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա մենք կգնենք դրանք»,-նշել է Թուրքիայի ղեկավարը՝ ի պատասխան Մոսկվայի հետ ռուսական կործանիչների մատակարարման պայմանագրի կնքման հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցի:

«Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ երկրի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: «Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, եւ մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ է կատարել ընդգրկուն վերլուծություն»,-ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

Հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը հայտնել է, որ Անկարան եւ Մոսկվան մոտ են 36 Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, կողմերը նաեւ կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, որ Թուրքիան ապագայում կսկսի որոշ բաղադրատարրեր արտադրել ռուսական ինքնաթիռների համար:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել է, որ Սու-35 եւ Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցի շուրջ կոնսուլտացիաներ ընթանում են, բայց պարտավորագրերի կնքում առայժմ չի քննարկվում: Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է այն հաղորդումները, թե Անկարան կգնի Սու-35 ռուսական կործանիչներ: Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս