Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին. վարչապետն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին
Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԱՊԿ-ում դիտորդ պետության՝ Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Ջորջե Միլիչևիչը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա առաջին նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի՝ երևանյան նիստին մասնակցությունը և կարևորել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում սերբ գործընկերների հետ պարբերական հանդիպումները:
«Իհարկե, ՀԱՊԿ-ը մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք հարթություններին. դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Իհարկե, մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական վերահաժողովի գործունեությանը, քանի որ կարևորում է անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը կբարձրացնի ՀԱՊԿ շրջանակում համագործակցության և անվտանգության մակարդակը:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա ևս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը:
«Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Մեր կազմակերպության գլխավոր գաղափարն այն է, որ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմատեխնիկական հարաբերությունները, ընդհանրապես բոլոր ուղղություններով հարաբերությունները պետք է հաշվի առնեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը, և ես կարծում եմ, որ բոլորիս համար մեր երկրների միջև հարաբերությունները պետք է լինեն առաջանահերթ: Մենք տրամադրված ենք մեր հարաբերությունների իրական զարգացման և կարծում եմ՝ նման հանդիպումները կնպաստեն այդ գործընթացին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ երևանյան հանդիպմանը քննարկում են ՀԱՊԿ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրությունների ներդաշնակեցմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերների համատեղ դիմագրավմանը վերաբերող մի շարք հարցեր: Ռուսաստանի Պետդումայի նախագահը կարևորել է ՀԱՊԿ միջազգային համագործակցության ընդլայնումը և ներկայացրել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետը ողջունել է միջազգային համագործակցության ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ այն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ոչ միայն առկա, այլև նոր առաջացող մարտահրավերներին ժամանակին արձագանքումը և այդ ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում համակարգված փոխգործակցությունը: Կառավարության ղեկավարը շեշտել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև միջազգային հարթակներում ներդաշնակ և կառուցողական գործակցությունը՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու դիրքորոշումները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: