Հայաստանում համացանցն ազատ է. հրապարակվել է Freedom House-ի ամենամյա զեկույցը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2019 թվականին» զեկույցը (Freedom on the Net 2019)՝ «Սոցիալական մեդիայի ճգնաժամ» վերտառությամբ, որում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, շարունակում է զբաղեցնել «ազատ» երկրների շարքը 76 միավորով: Հայաստանն իր այս ցուցանիշով Եվրասիայում առաջատարն է ճանաչվել: Տարածաշրջանում զեկույցի հեղինակների խոսքով՝ ազատ է նաև Վրաստանը, որը վաստակել է 75 միավոր: Հայաստանի հարևան մյուս երկրները, զեկույցի համաձայն, ոչ ազատ են. Իրանը՝ 15, Ադրբեջանը՝ 39 և Թուրքիան՝ 37 միավորով:
Ուշագրավ է նաև Ռուսաստանի ցուցանիշը, որն այս տարի 31 է: Տեղեկացնենք, որ զեկույցում ազատ են համարվում 70-100, մասամբ ազատ՝ 40-69, ոչ ազատ՝ 0-39 միավոր վաստակած երկրները: Զեկույցի հեղինակներն ամփոփել են 2018 թվականի հունիսից 2019-ի մայիսն ընկած ժամանակահատվածի տվյալները՝ վերլուծելով համացանցի վիճակը 65 երկրներում:
Առցանց ազատության չափանիշերը երեքն են՝ առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և անցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության նկատմամբ, կամ այդ գործունեության հետևանքով քրեական և այլ հետապնդում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում շարունակվում են 2018 թվականի Թավշյա հեղափոխության սանձազերծած դրական փոփոխությունները:
Ուսումնասիրության մեջ նշված է.
«Բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բովանդակության սահմանափակումներն և օգտատերերի իրավունքների ոտնահարումը նվազել է: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, ինչպես նաև թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս Հայաստանը համացանցի առումով «ազատ» է ճանաչվել, իսկ 2017-ին՝ «մասամբ ազատ»:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը