«Հարցը բարձրացվում է, և այն բարձրացվել է ոչ միայն մեր, այլև նախկին իշխանությունների կողմից». Ալեն Սիմոնյանը՝ սահմանային կրակոցների մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն այսօր Պաշտպանության նախարարությունում անդրադառնալով Հայաստանի սահմանին հնչող կրակոցներին՝ նշեց, որ դրանց վերաբերյալ հայկական կողմն իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, եթե տեղյակ պահեր, ապա այդ հարցը կքննարկեին:
Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում այդ մասին ոչինչ չեն ասել:
«Նախ՝ պետք ծանոթանամ պարոն Զատուլինի հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե կոնտեքստի որ մասի վերաբերյալ պետք է արձագանքենք: Ինչ վերաբերում է կրակողներին, ապա այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել է, նույնիսկ արձագանք է եղել, եթե չեմ սխալվում՝ մի քանի տարի առաջ, նույնիսկ այդ մասով հայտարարություն եղավ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ կրակոցները նոր չեն, և այդ հարցը բազմիցս բարձրաձայնել են, նա հույս հայտնեց, որ ՀԱՊԿ նիստի ընթացքում հարցը կքննարկեն:
«Բայց մի քիչ զարմանալի է, որ մենք դրա մասին անընդհատ պետք է ասե՞նք, անընդհատ նշենք, որ ինչ-որ ձևով արձագանք լինի մի կառույցում, որը հենց միտված է ապագայում և ներկայում կրակոցները նվազեցնելուն»,- շեշտեց նա:
Նրա բնորոշմամբ՝ կրակոցների հետ կապված ՀԱՊԿ-ի չարձագանքելը ճիշտ չէ:
Նա նաև տեղեկացրեց, որ հարցն անձամբ չի պատրաստվում քննարկել ՀԱՊԿ լիագումար նիստում, քանի որ այլ հարցի շուրջ է զեկույցով հանդես գալու:
«Վստահեցնում եմ, այդ հարցը բարձրացվում է, և այն բարձրացվել է՝ ոչ միայն մեր իշխանության, այլև՝ նախկին իշխանությունների կողմից»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա, ըստ Ա. Սիմոնյանի՝ ռուս գործընկերները դրա հետ կապված՝ պատասխան են հնչեցրել, որ հայկական կողմին նույնպես զենք վաճառում են և դա անում են շատ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով:
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի փակ նիստը, իսկ քիչ անց կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան