«Վազգեն Սարգսյանից նեղացել էի, իմ տեղեկությունները չօգտագործեց». Վովա Վարդանով

«Հետախուզությունը ստեղծվեց, որովհետև պետությունն իր առջև դրված խնդիրներ ուներ»,- ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Հետախույզի օրվա թեմային: Նրա խոսքով՝ նախկինում հետախույզներն ավելի «լկտի» էին՝ լավ իմաստով, իսկ այսօր այդպիսին չեն, քանի որ, ըստ Վարդանովի, պետության ղեկավարն էլ լավ իմաստով «լկտի» չէ, որ ցանկանա ռիսկի դիմելով՝ մեծ կորուստներ պատճառել հակառակորդին:

Վովա Վարդանովն այն կարծիքին է, որ այսօրվա հետախուզությունը մի քիչ չինովնիկներով հարուստ կառույց է ու ոչ մի կապ չունի հեռախույզների հետ:

Ռազմիկ Գասպարյանը, ով «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ է և ապրիլյան պատերազմի հերոս, վստահեցնում է՝ առանց հետախուզության ու հետախույզների՝ պատերազմի ժամանակ հնարավոր չի լինի հրետանու ճիշտ աշխատանքը: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին հետախույզները պատշաճ կերպով են կատարել իրենց առաջ դրված խնդիրները:

10 տարվա հետախույզ Ռազմիկ Գասպարյանը, ով այսօր չի աշխատում որպես հետախույզ, վստահ է՝ «Հետախույզը երբեք նախկին չի լինում»: Հետախուզության խնդիրներին անդրադառնալիս էլ՝ ասաց, որ պետությունն առաջինը պետք է լուծի հետախույզի ֆինանսական հարցերը:

«Եթե, օրինակ, հետախույզն ամսի 10-ին պետք է գնա առաջադրանքի, բայց մտածում է, որ ամսի 15-ին վարկ ունի վճարելու, նորմալ չի կարողանա կատարել իր առաջադրանքը»,- ասաց Ռազմիկ Գասպարյանը:

«Հետախուզությունը չպետք է ունենա «ավագ եղբայր», չպետք է լինի այլ երկրի հետախուզության կցորդը»,- ըստ Վովա Վարդանովի՝ հենց սա է այսօր մեր հետախուզության հիմնական խնդիրը:

Նախկին հետախույզը վստահ է, որ լավ հետախուզություն ունենալու համար պետք է ունենալ իսկապես անկախ պետություն՝ գոնե անվտանգության ապահովման առումով:

Հենց այս մասին խոսելիս Վարդանովը պատմեց, թե ինչու 1,5 ամիս չի արձագանքել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչերին:

«Վազգենից նեղացել էի, որովհետև իմ տեղեկությունները չէր օգտագործել: Ինձ էլ կարելի է հասկանալ, 14 օր հետախուզություն էի արել, նիհարած եկել էի, բայց ջանքերս չգնահատեցին, ոչինչ չարեցին»,- ասաց Վարդանովը:

Ու ավելացրեց՝ մերոնք շատ անելիքներ ունեն, բայց դրանք չի կարելի բարձրաձայնել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս