Ջոնսոնն ընտրություններում հաղթելու դեպքում խորհրդարանին կներկայացնի Brexit-ի շուրջ գործարքը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը: Այս խոստումը կառավարության ղեկավարը եւ իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդը տվել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինին ուղարկած նամակում։
«Եթե ես վարչապետ ընտրվեմ, ապա նոր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրը մենք կսկսենք Brexit-ի իրականացման գործընթացը եւ ԵՄ-ից դուրս կգանք մինչեւ հունվարի վերջը նոր գործարքի հիման վրա, որն արդեն համաձայնեցված է Բրյուսելի հետ»,-գրել է Ջոնսոնը: Նամակի պատճենը նա զետեղել է Twitter-ում: Նույն այդ նամակում նա Քորբինին խնդրել է պատասխան տալ Brexit-ի նկատմամբ լեյբորիստների դիրքորոշման վերաբերյալ հարցերին: Մասնավորապես, Ջոնսոնն ընդդիմության առաջնորդին հարցրել է, թե նա անհրաժեշտ համարում է արդյոք հարգել բրիտանացիների կամքը, որն արտահայտվել է 2016 թվականի հանրաքվեում, եւ լեյբորիստները մտադիր են արդյոք Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ-ի հետ մաքսային միությունում «ապահարզանից» հետո:
Վարչապետը նաեւ հարց է տվել Քորբինին, թե ընտրություններում հաղթելու դեպքում նա որքան ժամանակ կհատկացներ ԵՄ-ի հետ նոր բանակցություններին, նոր գործարքը կդրվի արդյոք համազգային հանրաքվեի, եւ եթե՝ այո, ապա երբ կկայանա նոր հանրահարցումը եւ որքան միջոցներ կծախսվեն դրա վրա: Նաեւ Ջոնսոնը հետաքրքրվել է, թե Լեյբորիստական կուսակցությունն ընդհանրապես հանդես կգա՞ր Brexit-ի չեղարկման օգտին «առկախված խորհրդարանի» դեպքում, երբ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում վճռորոշ մեծամասնություն:
«Ես եւ ընտրողները հետաքրքրությամբ ենք սպասում ձեր պատասխաններին»,-գրել է վարչապետը, հավելելով. «Արդեն ակներեւ է, որ ձեր պլանը կբերի Brexit-ի ծախսատար հետաձգման տարիների եւ կերկարացնի մեր հասարակության պառակտվածության փուլը»: «Ես պարզորոշ հայտարարում եմ Brexit-ի նկատմամբ իմ դիրքորոշման եւ այն մասին, թե մենք ինչպես կօգնենք երկրին՝ շարժվելու առաջ: Եկել է ժամանակը, որ Լեյբորիստական կուսակցությունը նույնպես արտահայտվի ամենայն պարզությամբ»,-գրել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: