Ինչպես 18 նախարարությունը դարձավ 12, բայց հաստիքները պակասելու փոխարեն ավելացան՝ դառնալով 628. ԲՀԿ-ական պատգամավորը՝  ֆինանսների նախարարին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ հաստիքների օպտիմալացման նպատակով Կառավարության կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին, սակայն 2020 թվականի բյուջեի նախագծով այդ հաստիքները նախորդ տարվա համեմատ ավելացել են։

Նա նշեց, որ 18 նախարարությունը Կառավարությունը դարձրեց 12, բայց արդյունքում հաստիքները ոչ թե պակասեցին, այլ ավելացան 628-ով։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնելով պատգամավորի դիտարկման հետ՝ նկատեց, որ տեղի է ունեցել նախարարությունների մեխանիկական միացում։

«Նախարարությունների օպտիմալացումն ընթացքի մեջ է, դեռ չի ավարտվել և ենթադրում եմ, որ 2020 թվականին մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ունենանք մոբիլ և կառավարելի կառավարման համակարգ։ Այստեղ խնդիրը ոչ միայն հաստիքների մեջ է, այլ նրանում, որ պետք է հասկանալ, թե ինչ չափով  է կառավարությունը մասնակցում կարգավորումներին և ինչ  ընթացակարգեր են տեղի ունենում տվյալ պետական մարմններում. ի վերջո, օպտիմալացման նպատակն է՝ որոշել՝ արդյո՞ք լավագույնս են այդ մարմինները կատարում իրենց գործառույթները, որի համար կոչված են»,- ասաց  Ատոմ Ջանջուղազյանը։

Վերջինս նաև հավելեց, որ իրենք մշտապես քննադատվել են այն բանի համար, որ այս ամենի արդյունքում մարդիկ կարող են մնալ առանց աշխատանքի, սակայն նա վստահեցնում է՝ այն մարդիկ, որոնք լավ են աշխատում, երբեք առանց աշխատանքի չեն մնա։

«Այն աշխատակիցները, որոնք շատ չեն մասնակցում այս կամ այն գործառույթներին, հնարավոր է, որ իրենց տեղը չպահպանեն. սա հասկանալի է, որովհետև կառավարման համակարգը չպտեք է դիտարկել ընդամենն աշխատանք ապահովելու միջոց»,- ասաց  Ձանջուղազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս