Բացառիկ մանրամասներ դատավոր Աննա Դանիբեկյանի և մեղադրյալների առերեսումից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս շաբաթ կավարտվի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը: Թերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել տուժող դատավորի եւ մեղադրյալների առերեսումից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործը քննող դատավոր Դանիբեկյանը երբ այդ օրը ոտքով Շենգավիթի դատարան գնալիս էր եղել, նրան էին մոտեցել Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը: Վերջինս ՖԲ ուղիղ եթերում դատավոր Դանիբեկյանին հարցրել էր, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Առերեսման ընթացքում Մութաֆյանը պնդել է, թե դատավորին որեւէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու, պարզապես ցիտել է վարչապետ Փաշինյանի խոսքերը` կապված որոշ դատավորների հետ:
Մութաֆյանն ասել է, թե «դատավորը հարվածել է իր ձեռքին ու գցել է հեռախոսը, որը վնասվել է»:
Ս. Օհանջանյանն էլ է պնդել, թե դատավորին վիրավորելու միտում ինքն էլ չի ունեցել: Նրանք 2-ն էլ 1 ամսից ավելի է` կալանքի տակ են ու մեղադրանքը չեն ընդունում:
Ա. Դանիբեկյանը շարունակել է պնդել, որ նրանք խոչընդոտել են իր ազատ տեղաշարժմանը, վիրավորել իրեն ու անհարգալից վերաբերմունք դրսեւորել: Գործն, ի դեպ, հարուցվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, բայց նախաքննական մարմինը որոշել է կալանավորվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի պատիժը մինչեւ հինգ տարի ազատազրկումն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: