Վթարից հետո պետք է ազատել ճանապարհի երթեւեկելի մասը, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ:
Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթեւեկելի հատվածը:
Նշվում է, որ հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է՝ երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների եւ տրոլեյբուսների քանակի կրճատմամբ եւ մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի հետեւանքով շատացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ ավելացնելով նաեւ ճանապարհներին խցանումների քանակը։
Առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրմամբ:
Մասնավորապես՝ եթե քաղաքացին դառնա ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, նա պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով միացնի վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:
Եթե պատահարի հետեւանքով կա զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, շտապ բուժօգնություն կամ մասնագիտացված այլ ծառայություն եւ ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ տրանսպորտային սեփական միջոցով տուժածներին տեղափոխի մոտակա բուժհիմնարկ՝ այնտեղ հայտնելով իր տվյալները, ինչից հետո վերադառնա պատահարի վայր:
Նախագծով առաջարկվում է՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթեւեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց եւ ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետեւանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման եւ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաեւ գրանցի ականատեսների անուններն ու հասցեները եւ սպասի ոստիկանության ծառայողների ժամանմանը։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի տեղափոխումն անհնար է:
Ի դեպ, նույն օրենքի 24-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետեւյալ ձեւակերպմամբ, մասնավորապես՝ այդ հոդվածի համապատասխան ենթակետով նախատեսված դեպքում վարորդը պարտավոր չէ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը եւ կարող է թողնել պատահարի վայրը, եթե այդ դեպքում կիրառվում է ապահովագրական պատահարների եւ հատուցման կարգավորման պարզեցված ընթացակարգ։
Բացի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելը, այս նախագծով առաջարկվում է նաեւ լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթեւեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ըստ այս նախագծի հիմնավորման՝ օրենքներում կատարվող նմանատիպ փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կնվազեն պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։
Ի դեպ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծը հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: