«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ թեման թափ է առել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:

Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ֆրունզի` Մհեր Մկրտչյանի եղբորորդի, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դիմել է «ամենանախարար» Արայիկ Հարությունյանին` շեշտելով` մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել:

«Է՞ս է Ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, եւ մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը»:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի խոսքով. «Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են»: Նախարարից այլ մտավորականներ էլ են դժգոհել:

ՀՅԴ երիտասարդական թեւն է նրանից հրաժարական պահանջել` մինչեւ հինգշաբթի ժամանակ տալով: Նախարար Հարությունյանն ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: ԶԼՄ-ներին ասել է. «Նման հարց օրակարգում չկա»:

Թեման այնքան թափ առավ, որ վարչապետ Փաշինյանը խնդրին անդրադարձավ ՖԲ եթերում: «Հայաստանում նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ եթե ինչ-որ մեկը ստեղծագործական քառակուսիից դուրս աշխատանք է անում, կպցնում են` սատանիստներ են»,- ասաց Փաշինյանը` հարցնելով` իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է:

«Ի՞նչ անենք այդ մարդկանց, թույլ չտա՞նք ՀՀ-ում ապրել: Ներկայացումները գրաքննում ենք… այսպես կամաց-կամաց մենք կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք վառել մարդկանց նրա համար, որ նրանք ճիշտ ձեւով չեն հավատում ինչ-որ ուժերի»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով` Չարենցն էլ գրել է ցենզուրայից դուրս բանաստեղծություններ, այրե՞նք դրանք: Միտքը, ըստ նրա, չպետք է կաղապարել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս