«Ո՞ւմ է ՀՔԾ-ն հովանավորում Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ո՞ւմ է ՀՔԾ-ն հովանավորում Շիրակի պետհամալսարանում
Նոյեմբերի 1-ին ամբողջ համացանցը ողողված էր Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզման հայտարարությամբ: Անցել է մեկ ու կես տարի, երբ հարուցվեց այս «քրեական գործը»: Անգամ այդ ժամանակ բուհի աշխատակիցները և ուսանողները շատ զարմացած էին, թե ի՞նչ կապ ունի Ֆարմանյանը մի բանի հետ, որը տասնյակ տարիներ, ավանդույթի պես ընդունված է եղել ՇՊՀ-ում և ոչ միայն մեր բուհում: Ֆարմանյանին մեղադրում են, որ իբր 2013-2016թթ. նա է կազմակերպել դիպլոմների տպագրման գումարների հավաքագրումը: ՀՔԾ-ի որոշ ժամանակ առաջ տարածված հայտարարության մեջ 19 միլիոն դրամից ավելի գումարի հափշտակման մասին էր նշվում: Հետաքրքիր է, ՀՔԾ-ն որտեղի՞ց է այդ թիվը «ստացել»: Մոտ 3500 ուսանող պետք է ցուցմունքներ տված լինեն, որ այդքան գումար են տվել ինչ-որ մարդկանց դիպլոմների համար: ՀՔԾ-ում այդքան ցուցմունքներ կա՞ն, իհարկե չկան: Կամ ի՞նչ է նշանակում, որ այդ գումարը Ֆարմանյանը հափշտակել է, երբ ՇՊՀ-ում բոլորը գիտեն (և ըստ հավաստի տեղեկությունների հարցաքննվածների 99 տոկոսը ցուցմունքներում նշել է, որ այդ գումարները ստացել են), որ հավաքագրված գումարները (ո՛չ պարտադրված) հավելավճարների տեսքով տրվել են մոտ երկու տասնյակ բուհի աշխատակիցների, որոնք ընդգրկված են եղել դիպլոմների կազմելու գործընթացում, ինչպես նաև ծախսվել է ամեն տարի մագիստրատուրան ավարտողների պատվին կազմակերպվող միջոցառման վրա: Ի՞նչ հափշտակության մասին է խոսքը:
Իսկ հիմա կարևոր հարց ՀՔԾ-ին: ՇՊՀ-ի վերաբերյալ նախկինում հարուցված 8 քրեական գործերից, չգիտես ինչու (ես ինքս գիտեմ) ՀՔԾ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հենց Ֆարմանյանին վերաբերող գործին՝ բացահայտ անտեսելով նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից բուհում կատարված հանցագործությունները և անօրինականությունները: Հենց այդ հարցը բարձրաձայնում եմ, վայրկենապես իրավապահ համակարգի ներկայացուցիչները (հատկապես դատախազությունը) ջղաձգված միացնում են նույն դեմագոգիկ ձայնապնակը՝ նախաքննությունը շարունակվում է: Զարմանալի է՝ երկու տարուց ավել ի՞նչ են հետաքննում, երբ բազմաթիվ հանցագործություններ, որոնց հեղինակը Սահակ Մինասյանն է և իր որոշ թիմակիցներ շատ վաղուց բացահայտված են: Նողկալի է արդեն իրավապահներից լսել «ընթանում է նախաքննություն» արտահայտությունը, քանի որ բոլորն էլ լավ հասկանում են, որ այդ բառակապակցության քողի տակ տեղի է ունենում բացահայտ հովանավորչություն: Դատախազությունը, Քննչական կոմիտեն, իսկ հիմա էլ ՀՔԾ-ն բացահայտ հովանավորում են Սահակ Մինասյանին: Այլ կերպ չեմ կարող բացատրել այդ անձի նկատմամբ իրավապահների որդեգրած կեցվածքը… Նախկին իշխանությունների հովանավորյալ և Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ հպարտացող Սահակ Մինասյանը շարունակում է ՇՊՀ-ում գործած հանցագործությունների համար անկարգավիճակ մնալ:
Հետաքրքիր է, ի՞նչը կամ ովքե՞ր են խանգարում իրավապահներին ընդամենը մի քանի րոպեում բացահայտել, որ ՇՊՀ-ում որոշ կրթական ծրագրեր իրականացվել են կեղծ լիցենզիաներով: Դա պարզելու համար մի քանի րոպե է պետք: Բայց, ո՛չ: Մեր իրավապահները և կոնկրետ ժամանակին դատախազությունը, իսկ հիմա էլ ՀՔԾ-ն ամիսներով-տարիներով հետաքննության անվան տակ դա ձգձգում են: ՆՈՐԿԵՆՏ ծրագրով Սահակ Մինասյանի մտերիմները միլիոնավոր դրամներ են գրպանել: Սակայն իրավապահներն անցյալ տարվա նոյեմբերից մատը մատներին չեն տալիս այն բացահայտելու և ամենակարևորը՝ չեն առերեսում ինձ հետ այն մարդկանց, ովքեր այս ամենի մեջ ներգրավված են:
Դահլիճի վերանորոգման վերաբերյալ ապրանքագիտական հետազոտության պատասխանը մեկ տարի է չկա, այն պարագայում, երբ 2018 թ-ի նոյեմբերին այն անցկացնող անձինք բանավոր խոստացան, որ պատասխանները կլինեն 2019 թ-ի մարտին-ապրիլին:
Մեկ տարի էլ նույն փորձագետները չեն կարողանում ճշտել, թե իրականում ինչ արժե Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով գնված դիզելային գեներատորը:
ՇՊՀ-ի գրադարանից 15 տոննա գրքերի օտարումը և մակուլատուրա հանձնելը իրավապահների համար ևս հիմք չէ, որ Մինասյանը կարգավիճակ ստանա: Ու այսպես շարունակ:
Շիրակի մարզի դատախազությունը երկու ժամկետանց «տուզիկ» քրեական գործի շրջանակներում «դպրոցական» մեղադրանք է առաջադրել Սահակ Մինասյանին՝ փորձելով դրանով հասարակությանը համոզել, որ ՀՀԿ-ի ժամանակների անպատժելիին պատժում են: Բայց ՇՊՀ-ում վերջինիս կողմից կատարված հանցագործությունները «չեն նկատվում» գործող իշխանությունների կողմից: Հիմա հարց: Եթե սա արդեն ՀՔԾ-ի կողմից բացահայտ հովանավորչություն չէ Սահակ Մինասյանի նկատմամբ, ապա ի՞նչ է:
Հ.Գ. Այս անարդարությունների և բացահայտ լկտի հովանավորչության հետ առնչվելով` որևէ մեկը կարո՞ղ է ինձ մեղադրել, թե ես ինչու չեմ հավատում այս իշխանությունների արդարությանը»: