
Alphabet-ը զուտ շահույթի անկում է արձանագրել մինչև 7 մլրդ դոլար

Alphabet կորպորացիայի հասույթը, որը նաեւ Google ընկերության սեփականատերն է, 2019 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել է 40,4 մլրդ դոլարը՝ մեկ տարի առաջվա 33,7 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին վկայում է հոկտեմբերի 28-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը:
Հասույթի ցուցանիշը 21 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ արդյունքները վերլուծաբանների սպասումներից ցածր են եղել:
Հաշվետվության մեջ արձանագրվում է, որ Alphabet-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով հասել է 7,068 մլրդ դոլարի: Անցալ տարի նշված ժամանակաշրջանում այն կազմել էր 9,192 մլրդ դոլար:
Google-ն ամերիկյան հանրային կորպորացիա է, որը ներդրումներ է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ:
Ընկերությունը, որն ստեղծվել է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն է: Նրա կենտրոնակայանը գտնվում է Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: