Պետդեպարտամենտը համաձայնել է Ուկրաինային վերաբերող փաստաթղթերը հրապարակելու դատարանի պահանջին
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը համաձայնել է դատարանի պահանջով հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կապված են Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության հետ, ներառյալ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի միջեւ նամակագրությունը: Հոկտեմբերի 31-ին այդ մասին հայտնել է The Hill-ը։
Որոշ տեղեկատվության «տեղին բացառումներով» փաստաթղթերը կտրամադրվեն մինչեւ նոյեմբերի 22-ը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը համաձայնել է կատարել այդ կապակցությամբ բոլոր մատչելի տվյալների, այդ թվում՝ տեքստային հաղորդագրությունների, մեսենջերներում, էլեկտրոնային փոստում նամակագրությունների, ինչպես նաեւ օրացույցներում նշումների որոնում: Դրանցում կներառվեն ոչ միայն անմիջականորեն Փոմպեոյի եւ Ջուլիանիի, այլեւ նրանց օգնականների նամակագրությունները:
Նյութերը հոկտեմբերի սկզբին պահանջել է American Oversight իրավապաշտան կազմակերպությունը՝ հայց հարուցելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա: American Oversight-ը, մասնավորապես, ահանջել է այն փաստաթղթերը, որոնք կապված են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու առիթով Ջուլիանիի եւ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների շփումների հետ, ինչպես նաեւ Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հետկանչման մասին նյութերը:
ԱՄՆ-ում ավելի վաղ խոշոր սկանդալ է բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի շուրջը, որն ի վերջո առիթ է դարձել Վաշինգտոնի վարզակազմի ղեկավարի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես պնդում են նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում փորձել է Զելենսկուն համոզել՝ Ուկրաինայում սկսել Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությունն Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: