ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
«Պետքարտուղար Փոմպեոն շարունակում է սահմանափակել Իրանի վարչակարգի միջուկային ծրագիրը: Այդ որոշումը կօգնի պահպանել վերահսկողությունն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, նվազեցնել տարածման ռիսկերը»,- ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ:
Սահմանափակիչ միջոցները վերաբերում են, մասնավորապես, շինարարական հատվածին եւ Իրանի հրթիռային ծրագրին: Պետական դեպարտամենտը պարզաբանել է, որ Իրանի շինարարական հատվածն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ: Այդ զորակազմի դեմ Վաշինգտոնը վաղուց է «առավելագույն ճնշման քաղաքականություն» վարում:
Այդ առնչությամբ Պետդեպն այժմ որոշել է սահմանել շինարարության համար օգտագործվող մի շարք նյութերի մատակարարման արգելք: Այսպես, պատժամիջոցների են ենթակա մետաղների հումքի եւ կիսաֆաբրիկատների, գրաֆիտի, ածխի եւ ինտեգրող արդյունաբերական նպատակների համար ծրագրային ապահովման վաճառքը, մատակարարումը կամ հանձնումն Իրանին կամ Իրանից:
Բացի դրանից, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտցնում է մի ամբողջ շարք նյութերի մատակարարումների սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: