
Աղվան Հովսեփյանը համագործակցում է իշխանությունների հետ. նա «խոշոր ձկների» կենսագրությունը լավ գիտի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցին նաեւ ՔԿ նախկին պետ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի «որպիսությամբ»:
«Անընդհատ տեսակետներ են հնչում, որ պետք է ուսումնասիրել Աղվան Հովսեփյանի գործունեությունը, անգամ պետք է մեղադրանք առաջադրվի։ Նրա գործունեության հետ կապված՝ կոմիտեում ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, փաստաթղթեր չե՞ն ուզում Ձեզնից»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Հայկ Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, թե, քրեական դատավարության 190-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար այդ անձինք իրենց սուբյեկտները չեն. «Հարցի հասցեատերը ես չեմ»:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլեւ համագործակցում են նրա հետ: «Պարոն Հովսեփյանը հաճախ է խորհուրդներ տալիս ուժային կառույցներին: Քանի որ աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել եւ այլն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ երեւույթին, նրա նկատմամբ իրավական որեւէ գործընթաց ո՛չ այժմ, ո՛չ առաջիկայում չի սկսվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: