
Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երաևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:
Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:
Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։