Արցախի ԱԺ-ն քննարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 31-ի նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է. «Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է թիմային ու տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության կողմից կառավարությանն ուղարկված հարցապնդումը: Գործադիր իշխանության կողմից պատասխանը ներկայացրել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Այնուհետև խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ԱՀ օրենքը կից փաթեթով:
Հաջորդ օրենսդրական նախագիծը վերաբերում էր «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրան կից՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ներկայացնելով նախագծերը՝ ԱՀ Ֆինանսների նախարարը նշել է, որ առաջարկվում է գործող օրենսդրության նորմերին համապատասխան՝ սահմանել արտոնություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019թ.-ի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից: Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է:
Չնայած պետական-իրավական մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, խորհրդարանը որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:
Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:
Հարակից զեկուցումներով հանդես են եկել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, իսկ կառավարության տեսակետը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Զեկուցողներին հարցեր են առաջադրել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:
Տեղի ունեցած մտքերի փոխանակությանը հանդես են եկել պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը, Արպատ Ավանեսյանը: ԱՀ «ԱԺ Կանոնակարգ օրենքով» սահմանված կարգով ելույթի հնարավորություն է տրվել նաև հրավիրված Ռաֆիկ Մարտիրոսյանին:
ԱԺ խմբակցությունների կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:
Նիստի ավարտին պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը և Գագիկ Բաղունցը: