Ոստիկանները հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիայում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած հետախուզվողին
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի դի։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։ Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդը։ Վերջինս ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։