
Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդականը թողնում է իր պաշտոնը

Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ խորհրդական Թիմ Մորիսոնը շուտով կթողնի իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է National Public Radio-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի: Ենթադրվում 1, որ նրան կփոխարինի Էնդրյու Փիքը, որն Իրաքի եւ Իրանի խնդրով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում մերձավորարեւելյան գործերի բյուրոյում:
Մորիսոնը հոկտեմբերի 31-ի առավոտյան պետք է ցուցմունքներ տա Ներկայացուցիչների պալատի կոմիտեներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Թեյլորի տված ցուցմունքների համաձայն՝ Մորիսոնն այն մարդկանցից մեկն է, որոնք ազգային անվտանգության խորհրդի իրավաբաններին հայտնել են իրենց մտահոգությունների մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Թրամփի հեռախոսազանգից հետո, հաղորդել է «Ինտերֆաքսը»: