«Ուշքի եկեք. սա պետություն է, մանկապարտեզ չէ». Երվանդ Վարոսյան
Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը շուրջ մեկ շաբաթ առաջ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն` իր պաշտպանյալի տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելանքը հանելու համար։
Ի պատասխան այդ դիմումի, ՀՔԾ-ն ասել էր, որ արգելանքը չի կարող հանվել, քանի որ դա կարող է խանգարել քրեական գործի լրիվ, օբյեկտիվ ու համակողմանի քննությանը։ Սակայն, պարզվում է, որ այն, ինչ անհնար էր մեկ շաբաթ առաջ, հնարավոր է հիմա, և այդ մասին մենք իմանում ենք ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի ֆեյսբուքյան էջից, ով տեղեկացնում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի` մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»։
168.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը նկատեց, որ իր պաշտպանյալի իրավունքների ոտնահարման, հետո դրա վերականգնման իմիտացիան արդեն ծիծաղելի է։ «Ես կոչ կանեմ և՛ պաշտոնատար անձանց, և՛ նրանց տարատեսակ զանգեր կատարող, հետո այդ մասին հրապարակող պաշտոնյաներին սթափվել, լրջանալ։ Սա պետություն է, սա մանկապարտեզ չէ»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Վերջինս տարակուսանք է հայտնում, որ անձին ապօրինի ձերբակալում են, հետո ճանաչում են այդ ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հանգամանքը։ Ապօրինի սահմանափակում են նրա տեսակցություններն առհասարակ, հետո «մեծահոգաբար» որոշում են, որ իրենք սխալվել են, և ինչ-որ մի մասով այդ արգելքը վերացնում են։
«Այս աճպարարությունը պետք է դադարեցվի։ Այս քրեական գործն ապօրինի է հարուցված։ Այս քրեական գործով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում, և նա անօրինական կերպով գտնվում է անազատության մեջ, ու Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը։
Նա շեշտում է, որ լրջություն է պետք. «Նորից եմ կրկնում. սա մանկապարտեզ չէ, սա պետություն է»:
Գոհար Սավզյան