Բաժիններ՝

«Նա մեդիտացիայով հաղթահարում է սթրեսը և տխրում է բժշկության մասին կարդալիս»․ Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն France Football ամսագրին պատմել է իր սկզբունքների, Լիոնել Մեսսիի հետ մրցակցության և իր ռեկորդների մասին: Մենք ընտրել ենք ամենահետաքրքիրը:

Մեսսիի մասին

«Շատերը կարծում են, որ մենք իրար մոտիվացնում ենք: Մրցակցությունը թույլ է տվել մեզ դառնալ ավելի լավը, ավելի արդյունավետ․ դա իսկապես այդպես է: Խաղալով «Ռեալում», իհարկե, ես ամենից շատ զգացի նրա ներկայությունը: Նա վերջերս ասաց, որ հիմա իմ կարիքն ունի: Բայց, այնուամենայնիվ, իմ շարժառիթը որևէ մեկից կախված չէ: Ես պարզապես ուզում եմ լինել լավագույնը»:

Այն մասին, թե ինչպես դարձավ ռմբարկու

«Ես խելացի էի, շուրջս էի նայում և օրինակ վերցնում լավագույններից: «Մանչեսթերում» ես խաղացել եմ Գիգսի, Սքոուլսի, Վան Նիստելրոյի, Ֆերդինանդի հետ. ես սովորեցի նրանցից: Եթե դա չես անում, երբ մոտակայքում են այդպիսի ֆուտբոլիստներ, ապա դու պարզապես հիմար ես: Հիմնական բանը ոչ թե ընդօրինակելն է, այլ լավագույնը վերցնելն ու ինքներդ ձեզ հարմարվելն է: Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես ինձ շատ բան սովորեցրեց: Ես հասկացա, որ կարող եմ շատ գոլ խփել, և ոչ միայն՝ հարվածել և անցնել»:

Ուժեղ կողմերի մասին

«Կարծում եմ, որ թույլ կողմեր չունեմ: Ես կարող եմ գոլ խփել աջ, ձախ ոտքերով, գլխով: Ես ուժեղ եմ, արագ եմ: Ես աշխատել եմ ամեն ինչի վրա: Իդեալ գոյություն չունի: Բայց ես ուզում եմ կատարյալ  կամ գոնե կատարյալին մոտ լինել»:

Կրթության մասին

«Ես շատ բաների եմ հասել այն բանի շնորհիվ, որ ես շրջապատված եմ ինձ սիրող և ոգեշնչող մարդկանցով: Ամեն օր ես սովորում եմ նրանցից: Երբ հայր դարձա, հասկացա, որ պատանեկության տարիներին ես սխալվել եմ: Ես չեմ սիրել դպրոցը, չեմ սովորել այն, ինչ պետք է լավ սովորեի: Հիմա ես լրացնում եմ բացը: Ես կարդում եմ գրքեր, այդ թվում` բժշկության և յոգայի մասին: Բոլորը պետք է փորձեն մեդիտացիա անեն: Դա աշխատում է: Բոլորը տառապում են սթրեսից, և դրանից ազատվելը պարզապես ֆանտաստիկ է»:

Հանդիպումների մասին

«Եթե ես որոշեի, ապա կխաղայի միայն մեծ խաղերում՝ հավաքականի համար և Չեմպիոնների լիգայում, երբ շատ բան է որոշվում, երբ մեծ ճնշում կա»:

Տաղանդի և աշխատանքի մասին

«Ռմբարկուի համար առաջնայինը տաղանդն է: Դու առանց տաղանդի չես հասնի շատ բանի: Բայց տաղանդն առանց աշխատանքի անօգուտ է: Ոչինչ  չի ընկնում երկնքից»:

Պաշտպանվող թիմերի մասին

«Ես չեմ սիրում խաղալ նրանց դեմ, ովքեր մտածում են միայն պաշտպանության մասին: Այդ ֆուտբոլն ինձ համար չէ: Դուք վախով չեք կարող մտնել դաշտ: Սա քննադատություն չէ, պարզապես կարծիք: Բայց ինչպե՞ս հաղթել, եթե նույնիսկ չփորձես: Կյանքում, ինչպես ֆուտբոլում: Ես չեմ հավատում հրաշքներին»:

Տարիքի մասին

«Դու կարող ես երկար ժամանակ առողջ մնալ, մարմինը ծերանում է, դրա հետ ոչինչ չի կարելի անել: Բայց ես ուզում եմ երիտասարդ մնալ: Կյանքի տևողությունն այժմ 82,5 տարի է: Բայց 65 տարեկանից սկսում են կորցնել հիշողությունը, մոռանալ երեխաների անունները, դեղեր ընդունել: Սա ինձ համար չէ: Իմ նպատակն է՝ մեծանալ՝ երիտասարդ մնալով: Ես ուզում եմ հնարավորինս մրցունակ լինել: Ցույց տուր ինձ իմ հասակակից մեկին, ով խաղում է «Յուվենթուսի» նման ակումբում նույն մակարդակի վրա: Սա հեշտ չէ: Նրանք ասում են, որ ես ունեմ մարզիկի մարմին, բայց դա միայն մարզման մասին չէ: Կենսակերպ, սնունդ, քուն: Ամեն ինչ պետք է արվի խելացի կերպով»:

Բախտի մասին

«Տեսեք, անհավանական պոտենցիալով շատ երիտասարդ խաղացողներ վնասվածք են ստանում: Նրանք ասում են, որ սա անբախտությունից է: Ի՞նչ է վատ բախտը: Կյանքում կարող ես հետևել նրանց, ովքեր հաջողակ են, կամ ովքեր` ոչ: Ես ընտրեցի առաջին տարբերակը: Պարզապես պետք է անել այն, ինչ նպաստում է լավ բախտին։ Աստված տեսնում է ամեն ինչ: Ես հասա ամեն ինչի, քանի որ գործեցի ըստ պլանի: Մի բան է, որ երկու-երեք տարի լինի բարձրակարգ վիճակում, իսկ լրիվ այլ՝ 15-16 տարի: Ի՞նչ եք կարծում, խոսքը միայն տաղանդի մասի՞ն է»:

Հաղթողների մասին

«Ես սովորում եմ լավագույններից: Ոչ միայն սպորտում: Ես սիրում եմ կարդալ Նոբելյան մրցանակակիրների մասին, թե ինչ են նրանք հորինել, ստեղծել: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես են դա արել»:

Կարիերայի մասին

«Ես խաղացել եմ Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում: Վստահ եմ, որ դա ազդել է իմ առաջընթացի վրա: Ես երբեք չէի վախենում լքել իմ հարմարավետության գոտին: Հակառակ դեպքում՝ ամեն ինչ շատ հեշտ է: Ինձ դուր են գալիս մարտահրավերները: Շատերը զարմացան, երբ 33 տարեկան հասակում տեղափոխվեցի «Յուվենթուս»: Բայց ես դարձա Սերիայի Ա-ի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողը: Ես հիանալի հարմարվում եմ: Ես կարող եմ թիմեր փոխել, խաղալ տարբեր մարզիչների հետ, բայց դա չի ազդում իմ աշխատանքի վրա»:

Գոլերի և ռեկորդների մասին

«Մենք չպետք է թույլ տանք, որ ռեկորդները դառնան հեշտ հաղթահարելի: Ինձ համար ռեկորդները նպատակ չեն, այլ հետևանք։ Ես չգիտեմ, թե քանի ռեկորդ ունեմ: Պետք է վայելեմ պահը և շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր օգնեցին ինձ հասնել այդպիսի տպավորիչ նշանի:

Ռեկորդները ստացվում են իրենք իրենց: Ես չեմ փնտրում ռեկորդներ, դրանք են ինձ գտնում։ Ամեն ինչ տեղի է ունենում բնական ճանապարհով, առանց մոլուցքի»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս