
Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու մասին որոշում, այդուհանդերձ, եղել է

Այսօր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշել էր, որ տեղեկություն չունի Բաբայանի և անչափահաս երեխաների տեսակցության արգելքի մասին:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, որ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ»,- ասել էր ՀՔԾ պետը:
Այս հայտարարությունից ժամեր անց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ.Ավետիսյանի որոշումը Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին: Որոշման պատճենն ամբողջությամբ փաստաբանը հրապարակել էր՝ հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան:
https://www.facebook.com/photo.php?fbid=2650772524980973&set=a.153274771397440&type=3&theater
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 38-300-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանն Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու ՀՔԾ միջնորդությունը բավարարել էր հոկտեմբերի 24-ին, ինչից հետո Բաբայանի պաշտպանները հայտարարել էին, որ պատրաստվում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շահերը վերականգնելու համար դիմել ՄԻԵԴ:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ