
«Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների և պատերազմների միջազգային փորձն ապացուցում է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր է անցնել երեք գլխավոր փուլ». Զելենսկի

Դոնբասի հակամարտությունն ավարտելը հնարավոր է թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից եւ անվտանգ վերաինտեգրացումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովի ընթացքում։
«Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների եւ պատերազմների միջազգային փորձն ապացուցում է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր է անցնել երեք գլխավոր փուլ»,-պնդում է նա: Առաջին փուլը, պետության ղեկավարի կարծիքով, «թեժ փուլն ավարտելն է եւ հրադադարը»: Ընդ որում՝ Զելենսկին վստահություն է հայտնել, որ դրան կհաջողվի հասնել մոտ ժամանակներս: Նա որպես երկրորդ «անկապտելի» փուլ է նշել մարդկանց հաշտվելը, փոխհամաձայնության հասնելը: «Երրորդ փուլն անվտանգ վերաինտեգրացումն է»,-հավելել է նա: Նախագահն ընդգծել է, որ այս բոլոր երեք փուլերը երկրին հարկ կլինի անցնել պետության եւ հասարակության հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: