Բաժիններ՝

«Ես չէի չեղարկի համերգը, եթե սպառնալիքներ չլինեին». Ռուբեն Բաբայան

«Ես չէի չեղարկի համերգը, եթե չլինեիր թատրոնին վնաս հասցնելու ու խժդժություններ անելու սպառնալիքներ: Հեռախոսով էին զանգում, ոչ ադեկվատ մարդիկ նույնիսկ գալիս էին թատրոն, հետո լայվ էին մտնում ու ծնողներին ասում  էին՝ «ուշադիր եղեք, որովհետև հավանական է, որ Ռուբեն Բաբայանն ինչ-որ կոդերով, մանկական ներկայացումների միջոցով երեխաներին այլասերվածություն է սովորեցնում»: Պարզ է, որ նորմալ մարդկանց մոտ դա ծիծաղ կառաջացնի, բայց…»,- հոկտեմբերի 4-ին Տիկնիկային թատրոնում լեհական Vader ռոք խմբի համերգի չեղարկման մասին խոսելիս՝ այսօր հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա վստահ է, որ համերգի չեղարկման մեջ մեծ է նաև հայկական ռոք համայնքի գործոնը, քանի որ նրանք հանրությանը նման համերգների չեն նախապատրաստել:

«Համերգի չեղարկման մեջ մեծ դերակատարում է ունեցել չիմացության, վատ իրազեկելու, հանրությանը չնախապատրաստելու հանգամանքը: Թատրոնը, 15 տարի է՝ միշտ տրամադրել է իր բեմը տարբեր ռոք խմբերին: Եթե ռոքը Հայաստանում չի մահացել, դրանում մեծ դեր ունի նաև Տիկնիկային թատրոնը»,- ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ համերգի մասին տեղեկությունը տարածվելուց հետո միանգամից հանրության մեջ գիտակցաբար սկսել են տարածվել  խոսակցություններ, որ Vader լեհական խումբը սատանիստական խումբ է, և այստեղ սատանիստական քարոզ է իրականացվելու: Նա կարծում է, որ նման խոսակցությունները գալիս են արտերկրից:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն այս անգամ սպառնալիքների մասով իրավապահներին չի դիմել: Ասում է՝ սպառնալիքների մեծ տարափը սկսվել է համերգից 2 օր առաջ, ինչը Բաբայանի համար անակնկալ էր:

«Եթե հետագայում կլինեն նման սպառնալիքներ, ես անպայման կդիմեմ իրավապահ մարմիններին: Այլևս թույլ չեմ տա, որ խախտեն ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Եթե որևէ մեկը կարծում է, որ Տիկնիկային թատրոնի գործունեությունը խախտում է բարոյական կամ իրավական  նորմեր, դրա համար կա իրավական դաշտ: Եկեք ամեն ինչ անենք օրենքի շրջանակներում, ոչ թե հաթաթա տանք»,- ասաց Բաբայանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս