«Մնում է՝ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրեն, կալանավորեն կամ կալանքից ազատեն»

«Աշխատավարձ բարձրացնելը ոչինչ չի նշանակում: Առհասարակ ժողովուրդն ուզում է, որ իր աշխատավարձը բարձրանա, սակայն առանց գնաճի զսպման մեխանիզմներ, առանց փողի արժեզրկման համար համապատասխան երկարաշունչ միջոցներ ունենալու՝ աշխատավարձի հավելումը վնասակար է: Դա պոպուլիզմ է, որը կործանարար է յուրաքանչյուր երկրի տնտեսության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հանրության կողմից բուռն քննարկումների արժանացած նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձի զգալի բարձրացման մասին՝ ասաց Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով էլ՝ գործող վարչակազմը պետք է ունենա իրեն հավատարիմ մարդիկ, և աշխատավարձի բարձրացման էությունը սա է:

«Որովհետև անհրաժեշտ է, որ գործող իշխանության քաղաքականությունը նաև սպասարկվի իր կողմից ընտրված վարչակարգի միջոցով, և նրանք պետք է ունենան համապատասխան վարձատրություն: Սա է եղել այդ աշխատավարձերի բարձրացման ամբողջ էությունը: Փորձել են անել դա գաղտնի, բայց, իհարկե, գաղտնիքը երկար  չէին կարող պահել, այն դարձավ հանրության սեփականությունը, և այստեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր արդարանալ, որ միևնույն է, դա կիմանային, և ինքը չի ասել, որ այն պետք  է լինի թաքուն, բայց, ընդհանուր առմամբ, սա խոսում է այն մասին, որ մենք նորից բախվում ենք նրան, որ ոչինչ չի փոխվել, ցանկացած իշխանավոր դառնում է որոշումներ կայացնող և դրանք կայացնում է իր և մերձավոր շրջապատի համար՝ չունենալով ոչ մի տնտեսական հիմքեր: Եթե ուզում ենք, որ աշխատավարձը բարձրանա, դրա համար պետք է տնտեսություն ունենալ, իսկ եթե քո և յուրայիններիդ  համար ես այդ բարձրացումը կատարում, ապա ոչ միայն արդար չես, այլև հանցավոր ես: Եթե մնացածի համար չես ապահովում բարեկեցիկ կյանք, առաջին հերթին՝ անում ես յուրայիններիդ համար, ուրեմն հանցավոր ես և դու Հանրապետության հրապարակում տված խոստումները փաստացի դրժել ես, այսինքն՝ խաբել ես: Դու սովորական մի խաբեբա ես՝ ինչպես նախորդները»,- նշեց Զ.Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է թալանը հետ բերելուն՝ Փոստանջյանը նկատեց.

«Այս պահի դրությամբ իրավապահ մարմինների հիմնական ղեկավարները նշանակվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ  ՀՀ գլխավոր դատախազը նշանակված է նախորդ խորհրդարանի կողմից: Բայց, եթե դու իրականացնում ես ընտրովի արդարադատություն, ապա չես կարող հասնել արդար դատական ակտի: Մենք սա տեսանք 1.5 տարվա ընթացքում:

Միանշանակ է՝ Հայաստանում շուրջ 30 տարի եղել է բռնապետական համակարգ, շուրջ 150 ընտանիքներ  ապօրինի հարստացել են, որևէ մեկը չի  պնդում, որ նման բան տեղի չի ունեցել, բայց այսպիսի ընտրովի հետապնդումների միջոցով, միևնույն է՝ այն թալանը, որը տեղի է ունեցել, չենք կարողանալու վերադարձնել, որովհետև այս դատական համակարգը և իրավապահ մարմիններն այդ ընդունակությունները, հնարավորությունները և գործիքները չունեն:

Այդ վիճակից դուրս գալու համար, իհարկե, պետք է լինի համալիր մոտեցում:  Իսկ այսպիսի դրվագային քրեական հետապնդումներով մենք  հնարավորություն չենք ունենալու  հետ բերել այդ գումարները:  Ավելին, մարդիկ, ովքեր թալանել են, հիմնական միջոցները, թալանը 1.5 տարվա ընթացքում արդեն դուրս են բերել երկրից: Հետևաբար՝ մենք խնդիր ունենք, որ այդ գումարները մնան երկրում, աշխատեն: Դրա համար մի քանի իրավական ակտերով, տնտեսական համաներման ակտի միջոցով պետք է թալանածը որոշ չափով փորձենք վերադարձնել:

Ավելին, երբ հղում ենք կատարում այդ հրապարակումներին, ապա տեսնում ենք, որ այդ թալանած միջոցները նույնիսկ  գնում են դեպի տիկին Աննա Հակոբյանի ֆոնդեր, և նա էլ չի մերժում: Հետևաբար, եթե կառուցվածքը չենք փոխում և չենք ասում, որ այդ գումարները ոչ թե պետք է փոխանցվեն ֆոնդերի, և դա մեկ միասնական օրենքի շրջանակում տեղի չի ունենում, ապա այս հարցում որևէ առաջընթաց  չենք ունենալու»:

Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով էլ՝ հեղափոխությունից հետո Հայաստանի մեկուկես տարվա պատմությունը «բռնոցի-թռնոցի» է:

«Անընդհատ ձերբակալում են, հետապնդում, գործեր հարուցում, հավելյալ աղմուկ են հաղորդում դրանց: Ամեն օր մարդիկ սպասում են՝ այսօ՞ր ում դեմ դատական հայց հարուցեցին, ո՞ւմ ձերբակալեցին: Մնում է՝ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրեն, կալանավորեն կամ կալանքից ազատեն»:

Հակոբ Ավետիքյանը ներկայիս պաշտոնյաների՝ մշտապես հեղափոխության մասին խոսելն ու դրա եզակի լինելը շեշտելը համեմատեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիների հետ.

«Ամերիկացիներին փորձում էին համոզել, որ Բեռլինի պատի փլուզումը եղավ Հայաստանի շարժմամբ: Անմիջական զուգահեռներ կան: Հիմա անընդհատ վերցնել ու դրա մասին խոսել և խոցելի դարձնել…համենայն դեպս, այս ողջ գործընթացը, որին ականատես ենք լինում հետհեղափոխական շրջանում, ցույց է տալիս ուրիշ բան: Մեկուկես տարվա մեր պատմությունը բռնոցի-թռնոցի է»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս