«Երբեմն պետք է ասել` ո՛չ». Սերգեյ Ուսնունց
«Երբ մենք մտանք շուկա, հստակ ռազմավարություն չունեինք, կամ, այլ կերպ ասած, մենք ունեցել ենք ռազմավարություն, որը շուկա մտնելուց հետո փոշիացել է, և skill.am-ի ռազմավարությունը դարձել է ռազմավարություն չունենալը, բայց արագ ամեն ինչին սովորելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը՝ պատմելով միջոցառումների կազմակերպման շուկա մտնելու իրենց առաջին քայլերի մասին:
skill.am-ը ստեղծվել է 3 տարի առաջ: Սկզբնական նպատակը եղել է միայն միջոցառումների (event) կազմակերպումը: skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ ստեղծել են ստարտափը ու մտել են մի ոլորտ, որում ոչինչ հստակ չէր:
«Մտնելով այդ «գետի» մեջ, մենք հասկացանք, որ դուրս գալու տեղ չունենք: Այդ ժամանակ մենք չունեինք ո՛չ փորձ, ո՛չ թիմ: Ու քանի որ մեր անունը skill (հմտություն) է, չէինք կարող այդպիսինը (հմուտ) չլինել: ճանապարհին արագ-արագ սովորեցինք»,- ասաց Ուսնունցը:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ գործունեություն ծավալելու առաջին ամիսներին՝ սկզբում 1 քայլ առաջ էին կատարում, 2 քայլ՝ հետ: Եվ հենց այդ ժամանակ են հասկացել, որ միջոցառումների կազմակերպման ոլորտում աշխատելու համար նախ պետք է այդ մշակույթը ձևավորել Հայաստանում:
«Դրսի խոսնակների հետ աշխատելը հեշտ է, որովհետև նրանք գիտեն խաղի կանոնները ու հստակ խաղում են այդ կանոններով: Ու երբ դու իրենց հետ պայմանագրային կամ բանավոր պայմանավորվածություններ ունես, մեծամասամբ պահում են այդ պայմանավորվածությունները: Հայ խոսնակների հետ սկզբնական փուլում այդպես աշխատել չհաջողվեց»,- նկատեց Սերգեյ Ուսնունցը:
«Երբեմն պետք է ասել՝ ո՛չ»,- հայաստանցի բանախոսների ու փորձագետների մասին խոսելիս նրանց խորհուրդ տվեց Ուսնունցը:
Ըստ նրա՝ Հայաստանում շատ բանախոսներ մտածում են՝ քանի որ հայտնի են, կարող են առանց որևէ աջակցության լեփ-լեցուն դահլիճով միջոցառում կազմակերպել:
«Հայտնի լինելը դեռ չի նշանակում, որ այդ մարդը կարող է միջոցառման մասին իր սոցիալական ցանցի էջում գրել ու հավաքել լեփ-լեցուն դահլիճ: Փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Պատճառն այն է, որ այսօր միջոցառումների կազմակերպման շուկայում շատ մեծ մրցակցություն կա»,- նկատեց Ուսնունցը՝ ավելացնելով, որ ցանկացած միջոցառման կազմակերպում նման է քաղաքական քարոզարշավի, և բոլոր մանրուքները պետք է հաշվի առնել:
Նաև նման դժվարություններն են ստիպել skill.am-ին ընդլայնել գործունեության ոլորտը:
«HR, Digital marketing, SMM և Event management and matketing. սրանք այն 4 ուղղություններն են, որոնք մենք համարում ենք, որ լավ ենք հասկանում: Նաև կարծում ենք, որ գիտենք, թե Հայաստանում էլ ով է լավ հասկանում այս ամենից, ու մենք սկսեցինք մեր գործում ներգրավել այդ խոսնակներին»,- ասաց Ուսնունցը՝ նշելով, որ այսօր skill.am-ն այդ ձևավորած ուղղությունների համար «անձրևանոց» է դարձել:
Մարքետինգի աշխարհում հայտնված Ուսնունցի համար բիզնեսն ու մարքետինգը խաղ են:
«Իսկ խաղն ունի լավ և վատ կողմեր: Խաղը միակ բանն է, որ փոքր տարիքում մեզ չեն սովորեցրել, մնացածը մենք պետք է սովորեինք: Միակ բանը, որ մարդը հենց ծնվում է, սկսում է անել՝ խաղալն է: Այդ առումով հեշտ է, բայց խաղն ունի վատ կողմ. մենք շուտ հոգնում ենք մի խաղից ու անցնում ենք մյուս խաղին: Մարքետինգն ինձ համար խաղ է, իսկ մարքետոլոգների հիմնական խնդիրը մեկն է. նրանք պետք է այնպես անեն, որ հաճախորդները միշտ ցանկանան խաղալ իրենց խաղը, ու, եթե խաղից գնում են, հետ գան, հետ բերեն խաղ»,- 168.am-ին ասաց skill.am-ի հիմնադիրը:
Իսկ երիտասարդներին անվճար խորհուրդ տալու փոխարեն՝ Ուսնունցը մեր ընթերցողներին որոշեց պատմել այսօրվա աշխարհի հնարավորությունների մասին:
«Ես մի բան գիտեմ: Այսօրվա երիտասարդության համար շատ մեծ հնարավորություններ կան: Այդ հնարավորություններն անսպառ են: Ու մարքետինգը Հայաստանում ապրող երիտասարդին գլոբալ գործելու հնարավորություններ է տալիս: Դրանից օգտվել է պետք»,- ասաց Ուսնունցը՝ վստահեցնելով, որ դրանից օգտվելու համար պարզապես պետք է ամեն օր ինքնակրթվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ