Որոշումը կլինի դաշնակցային. Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանին մատակարարվող գազնի գնի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը կհանգեն դաշնակցային որոշման: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Այս հարցի շուրջ ընթանում է նորմալ խոսակցություն: Սա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջև, և այն կբերի կոնկրետ արդյունքների: Ես դրանում վստահ եմ: Մենք այժմ Հայաստանում տնտեսության շատ լավ դինամիկա ունենք: Այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, սա նաև տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չխաթարի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան»,- ասել է Փաշինյանը:
Հարցին, թե ինչպիսի գինը չի՞ խաթարի այս դինամիկան, ՀՀ վարչապետն ասել է, որ դա արդեն հաշվարկների խնդիր է. «Մենք այժմ զբաղվում ենք այդ հաշվարկներով: Որոշումը կլինի դաշնակցային: Այլ կերպ չի կարող լինել և չպետք է լինի»,- նշել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կարող է ամեն ինչ համաձայնեցվել՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գազի ներքին գինը չի փոխվել:
Դիտարկմանը, թե աճել է գազի գնման գինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Սա ուրիշ հարց է: Այն չունի շատ մեծ նշանակություն Հայաստանի ներսում սպառողների տեսակետից: Մեզ համար կարևոր է, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Եվ սա, կարծում եմ, նույնպես տնտեսական հարց է: Մենք պետք է մշակենք այնպիսի բանաձևեր, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունը լինի արդյունավետ, և գազի գինը լինի արդյունավետ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ խոսքը նրա մասին է, որ գինը լինի շահեկան Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չխաթարի տնտեսական աճն ու տեմպը, որն արտահայտվում է տնտեսական դինամիկայով:
Հարցին՝ ներկայիս գինը՝ $165 հազար խորանարդ մետր գազի դիմաց, շահեկա՞ն է, չի՞ խաթարում դինամիկան, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Եկեք ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, թե որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն պետք է լինի նաև Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին, մենք ունենք ընդհանուր տնտեսական տարածք: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են ծագում, սա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները` նախագահը, վարչապետը, նույն ընկալումն ունեն: Մենք կլուծենք այս հարցը»,-նշել է Փաշինյանը: