«Արման Բաբաջանյանը մենակ չի, և արդեն ակնհայտ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի…». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝

ա) Վազգեն Մանուկյանը մեր կենդանի պատմությունն է, և իր հաջողություններով և սխալներով հանդերձ, նրա լավագույն քաղաքական գործիչներից մեկը։ Նրա հետևում կան իրական հաղթանակներ, կան նաև հիասթափություններ, բայց չկա ոչ հայի արյուն, ոչ թալան, ոչ օտարին ծառայություն։

բ) Թե ինչ կա Արման Բաբաջանյանի հետևում, կարիք չկա քննարկել, բոլորն էլ գիտեն։ Նորմալ հասարակությունում, այդպիսի մարդիկ չեն կարող որևէ հանրային դերակատարում ունենալ, առավել ևս փորձել հերոս ձևանալ, և մարդկանց ճակատագրերի վրա ազդել։ Մեր հասարակությունը, ցավոք, հիվանդ է, և մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է, թեկուզ մեկ ժամով, բայց սրիկան էլ կարող է որպես հերոս ներկայանալ։

գ) Արման Բաբաջանյանը ցավոք մենակ չի, և արդեն ակնհայտ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի, նրա կեղտոտ ձեռքերով Փաշինյանը պարզապես կրակից շագանակներ է հանում, այլապես Արմանը այդքան չէր մոլեգնի մեկ շաբաթվա ընթացքում, նույնիսկ սրա նմանների սրիկայությունը լիմիտներ ունի։ Փաշինյանը, եթե չհրաժարվի Արման Բաբաջանյանի ծառայություններից, շատ արագ կդառնա նույնպիսի Արման Բաբաջանյան, դրանում թող չկասկածի, մեր երկրում ոչ մի բան երկար թաքցնել հնարավոր չի։

դ) Բոլոր հեղափոխություններն էլ ջրի երես են հանում սրիկաների, և հայկական “թավշե” հեղափոխությունը չի կարող բացառություն լինել, ի վերջո հեղափոխությունների արդյունքից օգտվում են հենց սրիկաները, ոչ թե դրանք իրականացնող իդեալիստները։ Մեր հեղափոխությունը ցավոք մտել է այդ փուլը, և Արման Բաբաջանյանը ընդամենը առաջին “ծաղիկն” է։ Եթե մեր երկրի պարկեշտ, ազնիվ, խելամիտ մարդիկ այսօր չսկսեն համախմբվել, և միասնական կռիվ չտան “Արմաններին”, վաղը մենք մեր սիրած երկիրը կկորցնենք, ամեն քայլափոխին կվխտան մատնիչները և բանսարկուները, և մեր կյանքը կսարքեն դժոխք, մենք դրա միջով արդեն մի քանի անգամ անցել ենք։

Մինչ այդ, ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Վազգեն Մանուկյանին։ Ես եղել եմ իր նախընտրական շտաբում դեռևս հեռավոր 1990 թ․ խորհրդարանական ընտրություններին, 1996 և 1998 թթ եղել եմ իր վստահված անձը նախագահական ընտրություններին, և իմ երիտասարդ տարիներին զգալի չափով կրել եմ այն ազգային-ժողովրդավարական գաղափարախոսության ազդեցությունը, որի ջատագովն էր նա։ Հուսով եմ, որ պարոն Մանուկյանը կդիմակայի այս հերթական քաղաքական փորձությանը, իսկ մեր երկիրը կկարողանա ի վերջո մաքրվել առնետներից, և շարունակել իր ընթացքը»։

Տեսանյութեր

Լրահոս