«Ածուխի վրա յուղ են լցնում, ուրիշ ոչինչ». Նունե Եսայանը՝ վերադարձրած տարածքի մասին
Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է մամուլն այս օրերին գրում մի բան, որը տեղի է ունեցել դեռ 2015-2016 թվականներին. ինչ ասեմ՝ ասելու բան չունեմ։ Այսպես արձագանքեց երգուհի Նունե Եսայանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը հետ վերցրել Տարոն Մարգարյանի կողմից իրեն տրամադրված տարածք՝ հիշեցնելով, որ այս մասին գրում է մամուլը։
«Այս տարածքը ինձ հատկացվել է դեռևս 2013 թվականին։ Հատկացվել է ոչ թե Տարոն Մարգարյանի կողմից, ինչպես գրում է մամուլը, այլ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից։ Այդ տարածքն ինձ տրվել է 10 տարի ժամկետով՝ անհատույց, սակայն երեք տարի այնտեղ գործունեություն ծավալելուց հետո ես այն ետ վերադարձրի, որովհետև այդ տարածքում նման գործունեություն իրականացնելն աննպատակահարմար էր»,- ասաց երգչուհին։
Վերջինս նշեց, որ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ, իր անվան շուրջ շահարկումները կապված են պարզապես աղմուկ բարձրացնելու ցանկության հետ։
«Նախկինում իմ անունը կապեցին Մարտի 1-ի հետ, հիմա էլ այդ տարածքի մասին են խոսում. պարզապես ածուխի վրա յուղ են լցնում, ուրիշ ոչինչ։ Կրկնում եմ՝ այդ տարածքը ես ետ եմ վերադարձրել 2015-2016 թվականներին»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին։
Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր, որ Նունե Եսայանը վերադարձրել է իր ստացած նվերը։
Նվեր ասվածը վերաբերում էր Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող շենքի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկին, որը 10 տարի ժամկետով անհատույց հատկացվել էր երգչուհուն՝ բարեգործական նպատակներով օգտագործելու համար։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ