Ովքեր ենթակա են «ասֆալտին փռելու»՝ փռվելու են. Ոստիկանապետի պաշտոնակատար
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ ինքը դեռ բարձր աշխատավարձ չի ստացել, սակայն ոստիկանությունում ընդհանուր առմամբ ոչ պակաս, քան 25 տոկոս ավելացել է ծառայողների աշխատավարձը։
«Մենք ունենք նաև լրացուցիչ պարգևավճարներ, որով առանձին հանցագործություններ բացահայտելու համար խրախուսվում են։ Մեր բոլոր ծառայողների աշխատավարձը բարձրացել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, Արման Սարգսյանն ասաց, որ կանի հնարավորը, որպեսզի իր ծառայողական պարտականությունները կատարի բարեխղճորեն և ավելի լավ։
«Եթե այժմ այստեղ եմ, անկասկած ցանկանում եմ մնալ և հետագայում ևս պաշտոնավարել, սակայն դրա որոշողը ես չեմ»,- հավելեց նա։
Հարցին՝ վարչապետի նշած «ասֆալտին փռելու» օպերացիան
իրականացվո՞ւմ է, նա դրական պատասխան տվեց՝ նշելով՝ իրականացվում է և իրականացվելու է:
«Ասֆալտին փռվելը եկեք ընկալենք՝ որպես խոսք, և այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն և ենթակա են փռվելու՝ փռվելու են»,- ընդգծեց նա։
Նա նաև նկատեց, որ այսօր ոստիկանությունն ավելի ինքնավստահ է գործում, քան նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին։
Զվարթ Խաչատրյան