«Իշխանական այն «կայֆերը», որոնց դեմ առաջ պայքարում էր Փաշինյանը, հիմա ըմբոշխնում է». Տիգրան Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը պայթում է իր իսկ դրած ականների վրա»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով գաղտնի որոշմամբ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի բարձրացմանը: Ըստ նրա՝ ճոխ կյանքով ապրելը սկսել է դուր գալ նոր իշխանությանը:
«Նիկոլ Փաշինյանը, ժամանակին ընդդիմադիր գործիչ լինելով, բազմաթիվ ականներ է դրել իշխանության տակ իր քննադատություններով, մանիպուլյացիաներով, հիմա ինքը հերթով կանգնում է այդ ականների վրա և պայթում է, երևի ինքն էլ չէր կարծում, որ կհայտնվի այդ տեղում: Ականներից մեկը 2013թ. նրա ելույթն էր, որ, երբ խոսք էր գնում աշխատավարձերի բարձրացման մասին, նա դա կապեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հետ: Հիմա, երբ նա բարձրացրեց նախարարների աշխատավարձերը, մտածեց, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց այդքան կարճ չէ, կհիշեն իր ելույթները, որոշեց դա անել գաղտնի, մյուս տարի կարելի էր այդ աղմուկը ինչ-որ կերպ փակել:
Բազմաթիվ պատճառաբանություններ տրվեցին, թե ինչու պետք է բարձրացվեր աշխատավարձը, բայց ամենաաբսուրդ բանը, որ ասվեց, դա այն է, որ, եթե աշխատավարձերը չբարձրացնեն, ապա իշխանության ներկայացուցիչները կփախնեն մասնավոր սեկտոր: Հետաքրքիր է իմանալ՝ Արարատի մարզպետը ո՞ր մասնավոր սեկտորում է 1.5 մլն դրամ աշխատավարձ ստանալու: Մեր Կառավարության 90 տոկոսը մասնավոր սեկտոր չի գնա, իրենց գիտելիքներն այնտեղ պետք չեն լինի, եթե, իհարկե, ապագա կոռուպցիոն սխեմա չլինի:
Աշխատավարձերի բարձրացումը գաղտնի եղավ, քանի որ հիմք չկար բարձրացնելու: Առաջ իշխանավորներն իրենց աշխատավարձի ցածր լինելը կոմպենսացնելու համար կոռուպցիոն սխեմաների մեջ էին մտնում, հիմա դա լեգալիզացվել է:
Առաջ բյուջեն գումարներ էր կորցնում, քանի որ բյուջեն գնում էր մարդկանց գրպանները, հիմա էլ է այդպես, բայց ավելի լեգալ կերպով: Առաջ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր վիշապի դեմ, հիմա ինքն է կանգնած վիշապացման ճանապարհին: Իրեն ու իր շրջապատին սկսել է դուր գալ այն ճոխ կյանքը, որով ապրում է իշխանությունը, դրանք թանկարժեք մեքենաներն են, տները, մի խոսքով՝ իշխանական այն «կայֆերը», որոնց դեմ առաջ պայքարում էր Փաշինյանը, հիմա ընբոշխնում է: Մենք դեռ շատ բաներ կլսենք, եթե դու քեզ չես կարողանում պահել առաջին քայլն անելուց, ապա հետագայում ավելի շատ կտրվես այդ հաճույքներին: Փաշինյանը պայթեց իր իսկ դրած ականի վրա»,- ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշման մեջ ժողովրդին չհարգելու խնդիր է տեսնում:
«Այստեղ ժողովրդին հարգել-չհարգելու խնդիր կա: Այսօրվա իրավիճակում, երբ ուսուցիչներ են կրճատվում, փակվում են գիշերօթիկներ, կրճատվում են հոգեբաններ, սա մեկնաբանում են խնայողություններ անելով, ես չեմ տեսնում այդ խնայողությունը, երբ բարձրացնում են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Եթե նախկինում դա արվում էր պարգևավճարների ձևով, ապա հիմա դա լեգալիզացվեց: Ներկա իշխանությունը բացահայտ բյուջեն ծախսում է սեփական բարեկեցության համար: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «լավ է լինելու», դա վերաբերում էր իրենց:
Ինչ վերաբերում է մասնավոր սեկտոր գնալուն, ապա մենք չունենք արհեստավարժ մասնագետներ, որ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնեն: Տարբերություն չեմ տեսնում՝ ինչքա՞ն կսարքեն աշխատավարձը, խնդիրը գաղտնին է: Գաղտնի եղավ, քանի որ մենք ունենք ցածր աշխատավարձեր, մենք ունենք աղքատություն: Այն ուսուցիչները, որոնք կրթում են երեխաներին (չնայած երևի այս իշխանությանը կիրթ մարդիկ պետք չեն), շատ տխուր աշխատավարձեր են ստանում, նրանք տեսնում են, թե ինչպես է գաղտնի խորագրով բարձրանում նախարարների աշխատավարձը, և ինչպե՞ս են նրանք կյանքը վայելում: Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը կողմ էր աշխատավարձերի բարձրացմանը, իսկ մենք կարծես ժողովրդավար երկիր ենք»,- ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն էլ ասում է՝ պատմության մեջ բոլոր հեղափոխականները սկսել են չքավոր խավի կյանքը բարելավելուց:
«Փաշինյանի կառավարման սկզբունքների մեջ փոփոխություն է եղել: Նա այլևս չի ընկալվելու՝ որպես հեղափոխական վարչապետ: Երբ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակում է հեղափոխական վարչապետ, իր PR-շիկներն էլ իրեն համեմատում են այնպիսի հեղափոխական կերպարների հետ, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Մահաթմա Գանդին, նրանք մի պարզ բան են մոռանում, որ պատմության մեջ հայտնված այդ մարդիկ սկսել են չքավոր խավի աջակցությունից: Կառավարության ծրագրերի մեջ, բացի երազանքներից, անիմաստ խոստումներից, այլ բան չի էլ եղել, որ ինչ-որ բան սպասենք:
Երբ պարգևավճարային սկանդալը եղավ, մարդկանց էմոցիաները դեռ բթացած էին, երբ քաղաքն աղբի մեջ էր, ու Քաղաքապետարանում պարգևավճարներ էին ստանում, ժողովուրդն անտարբեր գտնվեց, հիմա գնում է դրա շարունակությունը: Եթե չլինեին հրապարակումներ աշխատավարձերի բարձրացման մասին, մենք երևի այդ մասին կիմանայինք 2022-ին:
Նիկոլ Փաշինյանն իր կառավարման սկզբում նկարում ու ցույց էր տալիս Կառավարական առանձնատունը, ասում էր՝ նայեք, դուք բոլորդ վարչապետ եք, ես ձեզ հետ եմ, ինքը պատմում էր ամեն ինչ, մեկ էլ հանկարծ նպատակահարմար չգտավ պատմել աշխատավարձերի բարձրացման մասին, այն մասին, որ Հայաստանի ամենաանփառունակ կառավարության աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են:
2013թ., իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր կառավարությանը՝ «բոլոր հարցերը լուծե՞լ եք, որ ձեր աշխատավարձերն եք բարձրացնում»: Հիմա ես եմ իրեն հարցնում՝ «այդքան կարողացե՞լ է ՀՀ կառավարությունը բոլոր հարցերը լուծել, որ գնում եք աշխատավարձերի բարձրացման»: Պատճառաբանում է, որ կգնան մասնավոր սեկտոր, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մեր երկրում բարձր աշխատավարձ են ստանում միայն կոռուպցիոներներն ու IT ոլորտի մասնագետները, հիմա մեր Կառավարությունից ո՞վ է գնալու IT ոլորտում աշխատելու»,- ասաց Վահան Բաբայանը:
Ըստ Տիգրան Քոչարյանի՝ աշխատավարձերի բարձրացման ու դրա գաղտնի լինելու պատճառն այն է, որ գործող իշխանությունը խնդիր ունի իր թիմին պահելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ