Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ կանի կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին: Այդ մասին ֆրանսիական պետության ղեկավարը հայտարարել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում, որից հոկտեմբերի 28-ին քաղվածք է հրապարակված դրա կայքում:

«Դա շատ դժվարին բարեփոխում է «…», բայց ես ամեն բան կանեմ, որպեսզի այն չարգելափակվի դրա հակառակորդների կողմից,-նշել է նա:-Ես թուլություն չեմ ցուցաբերի (բողոքի ակցիաների առջեւ, որոնք պլանավորված են դեկտեմբերի 5-ին):

«Գուցե դա ինձ կդարձնի ոչ ժողովրդական, բայց եթե ես դա չանեմ, ապա չեմ կատարի խոստումը, որը տվել եմ մեր քաղաքացիներին»,-ընդգծել է Մակրոնը՝ հանգստության կոչ անելով բնակչությանը: Ֆրանսիայի իշխանությունները 2025 թվականին մտադիր են ամբողջ երկրի համար սահմանել միասնական կենսաթոշակային համակարգ՝ հիմնված միավորների ավելացման սկզբունքների վրա՝ կախված աշխատանքային ստաժից ու դրույքաչափից: Նախագծի համաձայն, կենսաթոշակային պաշտոնական տարիքն առաջվա պես կկազմի 62, բայց այս տարիքում աշխատանքից հեռացածը կորցնում է կենսաթոշակի 10 տոկոսը: Նա, ով կհեռանա 63 տարեկանում, 5 տոկոս է կորցնում:

Ընդհակառակը, 65 տարեկանում հեռացողը կստանա 5 տոկոսի հավելում, 66 տարեկանում՝ 10 տոկոս հավելում: Բավականաչափ աշխատանքային ստաժ, բայց ցածր եկամուտներ ունեցող աշխատողների համար կառավարությունն առաջարկել է սահմանել նվազագույն կենսաթոշակի նոր չափեր: Այն կհասցվի նվազագույն աշխատավարձի 85 տոկոսին կամ ամսական 1000 եվրոյի:

Ընդ որում, ինչպես նշված է նախագծում, կենսաթոշակի անցնելու ապագա ընդհանրական ռեժիմում առանձին կատեգորիաների աշխատողների (գազաֆիկացման աշխատողների, էլեկտրիկների, տրանսպորտային աշխատողների) վաղաժամկետ թոշակի անցնելու հնարավորություն արդեն չի լինի: Դրանք աստիճանաբար կչեղարկվեն: Բարեփոխման այդ մասը մեծ դժգոհություն է առաջացրել տրանսպորտային ոլորտի աշխատողների շրջանում, որոնք դեկտեմբերի 5-ին մտադիր են «անժամկետ» գործադուլ սկսել եւ դուրս գալ բողոքի ակցիաների: Փարիզի տրանսպորտի ինքնավար կառավարման (RATP) աշխատակիցները, ինչպես նաեւ Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) ծառայողները կենսաթոշակային բարեփոխման դեմ արդեն մի քանի գործադուլ են անցկացրել սեպտեմբերին, որոնք զգալիորեն ազդել են ավտոմոբիլային երթեւեկության վրա Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս